Կյանքից հեռացել է ֆրանսահայ դերասան Շառլ Ժերարը

Կյանքի 96-րդ տարում Փարիզում վախճանվել է հայկական ծագումով ֆրանսիացի դերասան, ռեժիսոր, սցենարիստ Շառլ Ժերարը, նույն ինքը՝ Նուբար Աճեմյանը:

Նրան անվանում էին էպիզոդի հանճար: Դերասանին հռչակ և ճանաչում է բերել «Փամփուշտը տակառում» ֆիլմը: Կատակերգակ դերասանը եղել է Կլոդ Լելյուշի սիրելի դերասանը․ խաղացել նրա 18 ֆիլմերում: Շառլ Ժերարի խաղընկերներ են եղել Ժան-Պոլ Բելմոնդոն, Պիեռ Ռիշարը, Լինո Վենտուրան: Նա խաղացել է Կլոդ Զիդիի և Ֆրենսիս Վեբերի կատակերգություններում, «Իմ թշնամու դիակը», «Ապտակ», «Հրեշ» և այլ ֆիլմերում: Առավել հայտնի են նրա մասնակցությամբ «Խաղալիք» (Պիեր Ռիշարի հետ, ռեժիսոր Ֆրենսիս Վեբեր), «Հրեշը» (Ժան-Պոլ Բելմոնդոյի հետ, ռեժիսոր Կլոդ Զիդի), «Տղամարդն ու կինը. 20 տարի անց» (Կլոդ Լելուշ) ֆիլմերը:

Որպես ռեժիսոր նկարահանել է՝ «Թշնամին խավարում», «Մարդկանց օրենքը», «Մաֆիային դավաճանած մարդը» ֆիլմերը:

Շառլ Ժերարը, Շառլ Ազնավուրը և Բելմոնդոն մտերիմ ընկերներ էին: Հարազատները պատմում են, որ Ազնավուրն ու Ժերարը նման էին ոչ միայն ճակատագրով, այլև իրենց խորաթափանց հայացքով ու շփվող բնավորությամբ։