Ես առանձնակի հետաքրքրությամբ նախատեսում եմ Արցախ այցելել․ Ջուդի Չու

ԱՄՆ կոնգրեսականները Հայաստան այցի շրջանակներում որոշել են այցելել նաև Արցախ

ԱՄՆ  կոնգրեսականներ Ջեքի Սփիր-Կանչելյանը, Ջուդի Չուն և Ֆրանկ Փալոնը հոկտեմբերի մեկին Հայաստան մեկշաբաթյա այցի շրջանակներում որոշել են Արցախի Հանրապետություն այցելել, ԱՄՆ Կոնգրեսում տեղի ունեցած Ամերիկայի հայկական համագումարի միջոցառման շրջանակներում հայտարարել է Պասադենան ներկայացնող Ջուդի Չուն. «Ես առանձնակի հետաքրքրությամբ նախատեսում եմ Արցախ այցելել, որպեսզի ինքս համոզվեմ, թե այնտեղ իրավիճակն ինչպիսին է»:

Ինչպես փոխանցում է «Ամերիկայի Ձայնը», կոնգրեսական Չուի նախաձեռնությունը, որը շուրջ մեկ ամիս առաջ ընդունվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի մեծամասնությամբ, նախատեսում է ղարաբաղյան շրջանում զինադադարն ամրապնդող Ռոյս-Էնգելի առաջարկի իրականացման համար 4 միլիոն դոլար հատկացնել: Այդ գումարով Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով տեղադրվելու են հատուկ սարքավորումներ, որոնք թույլ կտան պարզել, թե որ կողմն է խախտել զինադադարը. «Այս միջոցներն ուղղված են խաղաղության ամրապնդմանն ու զինադադարը խախտողներին պատասխանատվության ենթարկելուն»:

Ջուդի Չուն փորձելու է նաև հավելյալ 6 միլիոն դոլար ուղղակի ամերիկյան օգնություն ապահովել Արցախին: Կոնգրեսականի խոսքով, նա տպավորվել էր դեռևս գարնանը Կոնգրեսում կայացած Հայաստանի առաջին տիկին Աննա Հակոբյանի հետ հանդիպումից. «Արցախ այցելել հատկապես շատ եմ ուզում, որպեսզի իրավիճակին ծանոթանամ, տեսնեմ, թե այնտեղ ինչ է կատարվում և ապագայում կարողանամ էլ ավելի լուրջ աջակցություն ցուցաբերել Արցախում խաղաղության հաստատմանը»,- նշել է կոնգրեսականը:

Կոնգրեսում հայ-ամերիկյան բարեկամության խմբի հիմնադիր և համանախագահ կոնգրեսական Ֆրանկ Փալոնի կարծիքով իրենց այցը հատկապես կարևոր է, քանի որ Թավշյա հեղափոխությունից հետո ամերիկյան օրենսդիրների առաջին այցն է Հայաստան.

«Մեր այցի պատճառներից մեկն այն է, որ մեր խումբը ցանկանում է աջակցություն ցուցաբերել Հայաստանի նոր կառավարությանն ու խորհրդարանին»:

Փալոնի խոսքով, չնայած Պետքարտուղարությունն ամերիկացի օրենսդիրներին խորհուրդ է տվել խուսափել Արցախ այցելությունից, պատվիրակությունը որոշել է այնուամենայնիվ կատարել նաև այդ այցելությունը: Ինչ վերաբերում է Հայաստան այցելությանը, ապա դրա շրջանակներում կոնգրեսականները նախատեսում են հայաստանցի գործընկերների հետ քննարկել քաղաքական և առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը.

«Մենք շատ խանդավառված ենք Թավշյա հեղափոխության արդյունքով։ Հայաստանն ավելի ժողովրդավար երկիր դառնալու ճանապարհին է։ Մեզ ոգեշնչում է նոր կառավարության՝ կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական բարեփոխումների իրականացման և երկրում օրենքի գերակայության հաստատմանն ուղղված քաղաքական կամքը»: