Կիպրոսի նախագահը միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել Թուրքիայի գործողությունները

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը հայտարարել է, որ Կիպրոսի հարցի շուրջ բանակցությունները վերսկսելու համար Թուրքիան պիտի դադարեցնի հորատման աշխատանքները Միջերկրական ծովի արևելքում: «Ermenihaber.am»-ի տեղեկացմամբ, Կիպրոսի նախագահը նաև նշել է, որ կղզու թուրքական հատվածում գտնվող Վարոշա ուրվական-քաղաքի մուտքը չպետք է բացել զբոսաշրջիկների և բնակչության համար՝ ընդգծելով, որ այս առումով Թուրքիայի նախաձեռնությունը հակասում է միջազգային իրավունքի նորմերին։

«Ուզում եմ նշել, որպես իրոք անկախ և ինքնիշխան պետություն, մեր առաջնային խնդիրը, ինչի վրա պետք է առաջնահերթ կենտրոնանանք, Կիպրոսի վերամիավորումն է՝ առանց արտաքին միջամտության, առանց արտաքին ռազմական ներկայության։ Այդ նպատակով բանակցությունների վերսկսման համար անհրաժեշտ է, որ համապատասխան պայմաններ ստեղծվեն։ Հույս ունենք, որ Թուրքիան, ի վերջո, կդադարեցնի իր անօրինական գործողությունները և կնպաստի բանակցությունների համար նպաստավոր մթնոլորտի ձևավորմանը»,- հայտարարել է Անաստասիադիսը։

Նա կոչ է արել միջազգային հանրությանը՝ դատապարտել Թուրքիայի գործողությունները։ Կիպրոսի նախագահը շեշտել է, որ Կիպրոսի հատուկ տնտեսական գոտում Թուրքիայի գործողություններն ինքնիշխանության իրավունքի ակնհայտ խախտում են և միաժամանակ հակասում են «Ծովային իրավունքի մասին» ՄԱԿ կոնվենցիային։