Բոլթոնը բացահայտել է իր պաշտոնանկության պատճառները

Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի նախկին օգնական Ջոն Բոլթոնը դռնփակ հանդիպմանը քննադատության է ենթարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականությունը: Այդ մասին հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Politico հրատարակչությանը:

Մասնավորապես նշվում է, Գեյթ Սթոուն ինստիտուտի կազմակերպած փակ ճաշի ժամանակ նախկին խորհրդականը  «սարսափելի ազդանշան» է որակել «Թալիբան» աֆղանական շարժման պարագլուխներին ԱՄՆ նախագահի քաղաքամերձ Քեմփ Դևիդ նստավայր հրավիրելու Թրամփի որոշումը: Նրա խոսքով՝  դա անհարգալի վերաբերմունք է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի նկատմամբ:

Բացի դրանից, Բոլթոնը կարծիք է հայտնել, որ Հյուսիսային Կորեայի և Իրանի հետ ցանկացած բանակցություններ «դատապարտված են ձախողման»: Նախկին խորհրդականի խոսքով՝ այդ երկրները հետաքրքրված են բացառապես պատժամիջոցներից ազատվելու և իրենց տնտեսությունը ամրապնդելու համար:

Նա նաև ընդգծել է, որ Թրամփի հրաժարումը հունիսին Իրանի զինված ուժերի կողմից ամերիկյան անօդաչու թռչող սարքը խոցելու դեմ պատասխան գործողություններից՝  հող նախապատարաստեց Թեհրանի հետագա ագրեսիվ գործողությունների համար:

Աղբյուրի տեղեկություններով՝ Բոլթոնը պատմել է, որ պատասխան հարվածի մասին որոշումը անցել է միաձայն, սակայն Թրամփը վերջին պահին, առանց զգուշացնելու, որոշել է դա չիրագործել։  «Հակահարվածի դեպքում Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակումներ տեղի չէին ունենա»,- կարծում է նախկին պաշտոնյան:

Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում «Վաշինգտոն փոստը», հաղորդել էին, որ ԱՄՆ նախագահ Թրամփ չեղարկել է «Թալիբան» արմատական շարժման առաջնորդների  և Աֆղանստանի նախագահ Աշրափ Խանի  հետ Քեմփ Դևիդում նախատեսած հանդիպումը՝ ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի դիրքորոշման պատճառով, որը կտրականապես դեմ  է թալիբների հետ ցանկացած շփման։ Հակառակ դիրքորոշումն ունի պետքարտուղար Մայք Պոմպեոն։