Մենք բոլորս ենք փակելու զաքիրների ճանապարհը դեպի Արցախ, այնպես, ինչպես դա արվել է ոչ վաղ անցյալում․ Արտակ Զաքարյան

Աստարացի Զաքիրը կրկին հոխորտացել է պատերազմով, ասում է, որ երազում է դրա մասին: Երևի մտածում է, որ Հայաստանում ներքաղաքական վիճակի ներկայիս անորոշությունները, պատերազմի հերոսների նկատմամբ վերաբերմունքը, և այլ հախուռն զարգացումները իրեն էլ են հիմքեր տալիս «դուխով» լինելու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։ «Չկա նման բան: Փաշինյանին պատերազմի դաշտ հրավիրողները թող իմանան, որ նա Արցախի ու Հայաստանի անվտանգության հարցում, ճիշտ, թե սխալ, ինչ էլ անի, միևնույն է, մենակ չի մնալու: Մենք բոլորս ենք փակելու զաքիրների ճանապարհը դեպի Արցախ, այնպես, ինչպես դա արվել է ոչ վաղ անցյալում,- գրել է Ա․ Զաքարյանը:- Ասելիքս ամենայն հավանականությամբ չի վերաբերում իշխանության մեջ ծվարած սորոսականներին ու էլի որոշ անհայտ ծագման երևույթների»:

Նշենք, որ Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդես է եկել ռազմատենչ հերթական հայտարարությամբ՝ մեկնաբանելով Հայաստանի Հանրապետության  վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը: «Մենք մեր խոսքը կասենք կռվի դաշտում, երազում ենք այդ մասին: Եվ դա կկատարվի ժամանակներս: Այդ ժամանակ կտեսնենք՝ նա պատասխան տալի՞ս է իր խոսքերի համար, թե ոչ: Կարծում եմ մեր ԱԳՆ-ն արժանապատիվ պատասխան է տվել»,- ասել է  Ադրբեջանի ՊՆ նախարարը:

Նա նաև հիշատակել է 2016թ. քառօրյա պատերազմը՝ ասելով, որ Հայաստանը օգնություն խնդրեց Ռուսաստանից: «Չեմ կարծում, որ նրանց հովանավորները երկրորդ անգամ օգնության ձեռք մեկնեն»,-հավելել է նա: