Իրանը հայտարարում է, որ Բոլթոնն ու նրա խումբը կապ ունեն 2001թ․ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հետ

Ինչպես և սպասվում էր, ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի հրաժարականի վերաբերյալ ամենասուր մեկնաբանություններն առայժմ գալիս են Իրանից: Դա նորմալ է, ի վերջո, Դոնալդ Թրամփի վարչակազմից հեռացավ բուռն իրանաֆոբ, Իսրայելի հանցակիցներից մեկը: Իսկ  Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիյի կարծիքով՝ հնարավոր է, այժմ «պատերազմի և տնտեսական ահաբեկչության իր ամենամեծ աջակցին վտարելուց հետո, Սպիտակ տունը ավելի քիչ խոչընդոտներ ունենա Իրանի իրողությունները հասկանալու համար»: Պարոն Ռաբիյին անթաքույց տրամադրությամբ հիշեցրեց, որ մի քանի ամիս առաջ Ջոն Բոլթոնը խոստացել էր, որ 3 ամիս հետո Իրանը չի լինի․ «Մենք դեռ կանգնած ենք, իսկ նա գնաց»:

Բայց Իրանի բարձրաստիճան այլ պաշտոնյաներ պակաս մեծահոգի էին: ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Մաջիդ Թահթ-Ռավանչին հայտարարել է, որ Բոլթոնի հրաժարականը «ԱՄՆ-ի ներքին խնդիրն է», հավելելով, որ «մենք դիրքորոշում չենք դրսևորում այլ երկրների ներքին գործերի վերաբերյալ»: Միևնույն ժամանակ, նա նախազգուշացրեց՝ այդ հրաժարականը չի փոխի Թեհրանի որոշումը Թրամփի հետ բանակցությունների վերաբերյալ. «Քանի դեռ ԱՄՆ-ը Իրանի ժողովրդի նկատմամբ անարդար պատժամիջոցներ է կիրառում և վարում տնտեսական ահաբեկչություն, հանդիպումների և բանակցությունների հնարավորություն չկա»: Իրանի կատարողական խորհրդի քարտուղար, ԻՀՊԿ-ի նախկին հրամանատար գեներալ Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Թեհրանը չի խաբվի ԱՄՆ նախագահի կողմից Ջոն Բոլթոնին պաշտոնանկ անելու որոշմամբ: Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար, պաշտպանության նախկին նախարար, ծովակալ Ալի Շամխանին նշել է, որ Բոլթոնը Սպիտակ տանը «Մուջահիդին-է-հալք» (MEK) ահաբեկչական կազմակերպության վճարովի գործակալն էր՝ հավելելով, որ նրա պաշտոնանկությունը պետք է դիտարկել որպես ԱՄՆ վարչակազմի քաղաքական և բարոյական սնանկացում՝ իրանական ազգի կամքին ընդդիմանալու գործում։ Եվ ԱՄՆ կառավարման մարմնում այս ընթացակարգային փոփոխությունները չեն ազդի Վաշինգտոնի հակաիրանական գործողությունների և ամերիկյան քաղաքականության Իրանի կողմից ընկալման վրա:

Այնուամենայնիվ, առավել խորիմաստ և սարսափելի (ԱՄՆ-ի բնակչության և ամբողջ աշխարհի համար) մտքեր է արտահայտել  Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: Սեպտեմբերի 12-ին իրանական անգլալեզու «Press-TV» հեռուստաալիքը հաղորդել է, որ Զարիֆը Twitter-ում գրառոմ է արել այն մասին, որ տխրահռչակ «B-team»-ը, որն զբաղվում է աշխարհում իրանաֆոբիայի հրահրմամբ, «մի ժամանակ նպաստել է 2001-ի սեպտեմբերի 11-ին Համաշխարհային առևտրի կենտրոնի (WTC) վրա ահաբեկչական հարձակումներին և այժմ Սպիտակ տանը մղում է Իրանի դեմ տնտեսական ահաբեկչության ակտիվացմանը»: Իրանի արտաքին գործերի նախարարության կողմից շատ լուրջ մեղադրանք է հնչում․ աշխարհը չի մոռացել հազարավոր սովորական ամերիկացիների ողբերգությունը, որոնք զոհվել էին Նյու Յորքի WTC-ի փլատակների տակ («երկվորյակ աշտարակներ») 2001-ի սեպտեմբերի 11-ին, որից հետո և սանձազերծվեց «ժողովրդավարության խաչակրաց արշավանքը» Արևելքի դեմ: Զարիֆը նաև ավելացրեց, որ երկար տարիներ ԱՄՆ-ի գործողությունները «սպառնում են Մերձավոր Արևելքի խաղաղ գործընթացին», և հայտարարեց, որ ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն և ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը «B -team»-ի մասնակիցներն են: Թեհրանը միշտ էր Բոլթոնին անվանում այս տխրահռչակ «B-team»-ի գաղափարախոս:

Աշխարհը մեծագույն սկանդալի շեմին է: Իսկապես, վերջերս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես հիշեցնում էր, որ ինքն անձամբ մի քանի անգամ նախազգուշացրել է ԱՄՆ իշխանություններին՝ պատրաստվող ողբերգության մասին: Այնուամենայնիվ, 18 տարի առաջ ԱՄՆ իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկել՝ ահաբեկչական հարձակումները կանխելու համար: Այժմ Իրանն ամբողջ աշխարհին վերադարձնում է շատ ցավոտ թեմայի: Թրամփն ու ողջ ամերիկյան վերնախավը չեն կարողանա ձևացնել, թե իրենք «չեն լսում» Թեհրանի մեղադրանքները: Բայց թե ինչպես կպատասխանի Վաշինգտոնը, դժվար է կանխատեսել …

Սերգեյ Շաքարյանց