Ամփոփվել են Արարատում և Արմավիրում լոլիկի ցեցի դիտարկման պիլոտային ծրագրի արդյունքները

ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղոլորտի պատասխանատուները և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ներկայացուցիչներն այցելել են Արարատի Ոսկետափ և Արմավիրի Ակնալիճ համայնքներ` «Հայաստանի Հանրապետությունում լոլիկի հարավամերիկյան ցեց վնասատուի ֆերոմոնային թակարդների միջոցով մոնիթորինգի իրականացման ծրագրի» շրջանակում բերքահավաքի աշխատանքները դիտարկելու և ծրագրի արդյունքներն ամփոփելու նպատակով։

Այցի ընթացքում իրականացված դիտարկումների արդյունքում պարզ է դարձել, որ լոլիկի պտուղները և բույսերը վնասատուներից զերծ են։

Ծրագրի շահառու ֆերմերներ Սարգիս Մուրադյանն ու Արմեն Միսակյանը գոհունակություն են հայտնել իրականացված ծրագրի արդյունքների վերաբերյալ: Նշելով, որ պիլոտային այս ծրագրի շնորհիվ հնարավոր է դարձել ստանալ բարձր և որակյալ բերք՝ նրանք հույս են հայտնել, որ նման ծրագրերը կկրեն շարունակական բնույթ։

Ծրագրի իրականացման ընթացքում երկու համայնքում կազմակերպվել են դաշտային սեմինարներ, որոնց ընթացքում ներկայացվել են ցեցի դեմ պայքարի առավել արդյունավետ միջոցներն ու դրանց կիրառման ժամկետները, մասնակիցներին տրամադրվել են հարավամերիկյան ցեց վնասատուի զարգացման փուլերի, վնասների ու ախտանիշների վերաբերյալ խորհրդատվական-տեղեկատվական գրքույկներ:

Ծրագիրն իրականացվում է «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի միջոցով, որը հանդես է գալիս որպես խորհրդատու: Ծրագրի շրջանակում Ոսկետափ և Ակնալիճ համայնքների 10 հեկտար տարածքում տեղադրվել են ցեցի ֆերոմոնային թակարդներ, որոնց շնորհիվ հնարավոր է դառնում դիտարկել ցեցի հասուն առանձնյակների առկայությունն ու զարգացման դինամիկան։ Այդ տվյալների հիման վրա ծրագիրն իրականացնող գիտնականները մշակում են վնասատուի դեմ արդյունավետ պայքարի համալիր միջոցառումների ժամանակացույց: