Ի՞նչ են քննարկելու Թուրքիայի, Ռուսաստանի ու Իրանի նախագահները

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի է ունենալու Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Հասան Ռոհանիի մասնակցությամբ հերթական գագաթնաժողովը:

Ինչպես փոխանցել է «Անադոլու» լրատվական գործակալությունը, Թուրքիայի նախագահի մամուլի կենտրոնից նշել են, որ հանդիպման նպատակն է գնահատել Սիրիայում տեղի ունեցող զարգացումները, մասնավորապես՝ Իդլիբի առնչությամբ, ապահովել պայմաններ՝ վերջ դնելու բախումներին և հնարավորություններ ստեղծել փախստականների կամավոր վերադարձի համար:

Նախատեսված է նաև եռակողմ գագաթնաժողովից բացի իրականացնել երկկողմ հանդիպումներ՝ քննարկելու համար երկկողմ հարաբերություններին և միջազգային օրակարգին առնչվող հարցեր:

Ըստ Թուրքիայի նախագահի կայքում հրապարակված տեղեկատվության՝ սկզբում Էրդողանը կհանդիպի Իրանի նախագահի, այնուհետև Ռուսաստանի նախագահի հետ, իսկ տեղական ժամանակով ժամը 15:30-ին տեղի կունենա եռակողմ հանդիպումը: