ԱՄՆ վերաքննիչ դատարանը վերսկսել է Սահմանադրությունը խախտելու համար Թրամփի դեմ դատական հայցի քննումը

ԱՄՆ վերաքննիչ դատարանը որոշել է վերսկսել դատական հայցի քննումը, որով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրվում է Սահմանադրությունը խախտելու համար, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Հայցվորների պնդմամբ՝ ԱՄՆ նախագահը խախտել է Սահմանադրությունը՝ շահույթ վաստակելով իր հյուրանոցներից, հանգստավայրերից և ռեստորաններից օգտվող օտարերկրյա և ամերիկացի պաշտոնյաների շնորհիվ, ինչը նախագահին դարձնում է խոցելի արտաքին ազդեցությունից:

Աղբյուրը նշում է, որ ԱՄՆ սահմանադրությունն արգելում է առանց Կոնգրեսի համաձայնության՝ օտարերկրյա կառավարություններից նվերներ կամ վճարումներ ստանալը:

Հաղորդվում է նաև, որ Վերաքննիչ դատարանը չեղարկել է ստորին ատյանի դատարանի վճիռը, որը մերժել էր հայցը, քանի որ հայցվորները չէին կարողացել ապացուցել, որ տուժել են Թրամփի գործողություններից:

Ավելի վաղ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում հայտարարել էին հետաքննություն սկսելու մասին՝ կապված այն հրապարակումների հետ, համաձայն որոնց նախագահ Դոնալդ Թրամփը և նրա փաստաբան Ռուդի Ջուլիանին փորձել են ազդել Ուկրաինայի կառավարության վրա:

Խորհրդարանականների կարծիքով՝ ենթադրյալ մանիպուլյացիայի նպատակը քաղաքական ընդդիմախոսին՝ Ջո Բայդենին վարկաբեկելն է։

Հետաքննության մասին լուրերի ֆոնին մամուլում մի շարք տեղեկությունն էին հայտնվել առ այն, որ Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանին, որը Թրամփի իրավական հարցերով խորհրդատուն է, ճնշում է գործադրում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վրա, որպեսզի բացվի հանրապետականների հայցերի քննությունն առ այն, որ Ջո Բայդենն անարդարությունների է դիմել որդուն՝ Հանթերին գործարար հարաբերություններում օգնելու համար։

Աղբյուրի հաղորդմամբ՝ Ջուլիանին այս գործով կապ է պահպանում Կիևի դատախազների հետ, որոնք նշանակվել էին Զելենսկու նախորդների կողմից։