ՀՀ ՀՌԱՀ-ը կաջակցի Արցախի հանրային հեռուստատեսությանը բովանդակային ու եթերաժամի ավելացման առումով

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է Հայաստանի հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի պատվիրակությանը՝ հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի գլխավորությամբ:

ԱՀ կառավարության տեղեկատվության կենտրոնի տեղեկացմամբ, Գրիգորի Մարտիրոսյանը ողջունել է հանձնաժողովի պատվիրակության հաճախակի այցելություններն ու համատեղ աշխատանքները՝ դրանք համարելով Արցախի համապատասխան կառույցի հետ համագործակցության խորացման կարևոր երաշխիքներից մեկը:

Տիգրան Հակոբյանը տեղեկացրել է ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի հետ ճանապարհային քարտեզ մշակելու և հստակ ուղղություններով աշխատելու պայմանավորվածության մասին: Մասնավորապես, աջակցելու են Արցախի Հանրային Հեռուստատեսությանը բովանդակային ու եթերաժամի ավելացման առումով: Համագործակցության մեկ այլ ուղղություն՝ ըստ Հայաստանի Հանրապետության Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի՝ հակահայկական կոնտենտի հետևողական նվազեցման ուղղությամբ կլինի: Գրիգորի Մարտիրոսյանը կարևորել է նախանշված ծրագրերի իրականացումն ու որպես առաջին քայլ՝ նշել համապատասխան մասնագետների փոխայցերի, վերապատրաստումների անհրաժեշտությունը:

Հանդիպմանը մասնակցել է ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանը: