Ստեփանակերտում մեկնարկել է «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» միջազգային 4-րդ գիտաժողովը

Ստեփանակերտի «Վալլեքս Գարդեն» հյուրանոցային համալիրում այսօր մեկնարկել է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպության կողմից կազմակերպվող «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» միջազգային երիտասարդական 4-րդ գիտաժողովը:

«Արցախպրեսի» հաղորդմամբ՝ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ, ԱԵԳՄՄ հիմնադիր նախագահ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ավետիք Հարությունյանը:

Նա նշել է, որ գիտաժողովի նպատակն է գիտատեսական քննարկումների բազմակողմ հարթակ բերել հայոց պետականության, մասնավորապես՝ վերջին հարյուրամյակի հիմնախնդիրները, ինչպես նաև բացահայտել երիտասարդների գիտական ներուժը և գիտության երիտասարդացումը:

«Այս տարի նախամեծար համարեցինք գիտաժողովը նվիրել Հայաստանի մայր բուհի՝ Երևանի պետական համալսարանի հիմնադրման 100-ամյակին, որը ոչ միայն համազգային ու գիտամշակութային հոբելյան է, այլև գիտակրթական ասպարեզում ԵՊՀ-ի ձեռքբերումների մի յուրօրինակ ամփոփում: Կազմակերպության գլխավոր առաքելությունն է գիտական դիվանագիտության միջոցով Արցախն աշխարհին ճանաչելի դարձնել: Գիտաժողովին մասնակցում են 111 գիտնականներ ու մասնագետներ, այդ թվում` պրոֆեսորներ Գերմանիայից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Հարավային Օսեթիայի Հանրապետությունից, Հայաստանից և Արցախից»,- ասել է Ա. Հարությունյանը:

Գիտաժողովին օրհնանքի խոսքով հանդես է եկել Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Նա նշել է, որ շուրջ 600 տարի հայերը պետականություն չեն ունեցել, և այստեղ ներկա գիտնականների վերլուծություններով պետք է լուրջ հետություններ անել, թե ինչպես ամուր պահել հայոց պետականությունը, որպեսզի հարատև խաղաղություն իշխի տարածաշրջանում: Արցախի թեմի առաջնորդը վստահ է գիտաժողովի արդյունքները կհարստացնեն մասնակիցների միտքն ու իմացությունը:

Իր հերթին ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանն ասել է, որ գիտաժողովը առիթ է Արցախում համախմբելու ոչ միայն գիտնականներին և հետազոտողներներին, այլև արտերկրի գործընկերներին, ովքեր անտարբեր չեն Արցախում ապրող ժողովրդի ճակատագրով և իրենց մասնագիտական կարողություններով նպաստում են պատմական իրողությունների վերլուծությանը, Արցախի մասին օբյեկտիվ տեղեկատվության տարածմանը:

«Գիտաժողովը նվիրված է ԵՊՀ 100-ամյա հոբելյանին, և այս փաստն ինքնին խոսում է այն մասին, որ Արցախում արժևորում և գնահատում են Հայաստանի մայր բուհի անցած ճանապարհն ու դերակատարությունը: Ուրախալի է, որ երիտասարդ գիտնականները և մասնագետները հանձնառու են պահպանելու և շարունակելու ձևավորված ավանդույթները»,- ավելացրել է ԱՀ ԿԳՍ նախարարը:

Երևանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գեղամ Գևորգյանի շնորհավորական ուղերձը գիտաժողովի մասնակիցներին է ներկայացրել ԵՊՀ պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը: Նա գիտաժողովի մասնակիցներին մաղթել է արդյունավետ աշխատանք և նշել, որ բազմաթիվ երիտասարդ գիտնականների և մասնագետների մասնակցությունն այս միջոցառմանը կարևոր ազդեցություն կունենա իրենց հետագա մասնագիտական զարգացման և համագործակցության համար:

Այունհետև մեկնարկել են գիտաժողովի լիագումար նիստի աշխատանքները, որին զեկուցումներով հանդես կգան ականավոր հայ և օտարազգի գիտնականներ: Հաջորդիվ գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն իրավագիտության, քաղաքագիտության, պատմության, տնտեսագիտության, արվեստագիտության, լրագրության, գրականագիտության և մանկավարժության բաժանմունքներում։