Ոսկանյանը Ռումինիայի խորհրդարանին կոչ է արել ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարություն

Ռումինիայի Հայոց Միության նախագահ, ALDE կուսակցության պատգամավոր Վարուժան Ոսկանյանը Ռումինիայի Պատգամավորների պալատի լիագումար նիստի ժամանակ կոչ է արել Խորհրդարանին Հայոց ցեղասպանությունը ճանաչող քաղաքական հայտարարություն ընդունել:

Ինչպես հաղորդել է Agerpres գործակալությունը, հայտարարությունն արվել է Ռումինիայում Հրեական պատմության և Հոլոքոստի ազգային թանգարանի հիմնադրման մասին օրենքի նախագծի քննարկումների ընթացքում: «Մենք միաձայն դիրքորոշում ունենք Հոլոքոստի դատապարտման հարցում,- ասել է Ռումինիայի Հայոց Միության նախագահը:- Խնդրում եմ Հայոց ցեղասպանության ճանաչումը ներառել Խորհրդարանի կուսակցությունների օրակարգում և քաղաքական հայտարարության մեջ: Սա այն թեման է, որից մինչ այժմ Ռումինիայի կուսակցությունները խուսափել են: Աշխարհի տասնյակ երկրների խորհրդարաններ, Եվրախորհրդարանը և եվրոպական բոլոր երկրների խորհրդարանները հանդես են եկել այդպիսի հայտարարություններով`ճանաչելով Հայոց ցեղասպանությունը»:

Նա հայտարարել է, որ նման ծավալների ոչ մի ողբերգություն «մայրենի լեզու չունի»: «Երբ խոսում ենք նման ողբերգության մասին, մենք միաժամանակ խոսում ենք աշխարհի բոլոր ողբերգությունների մասին, և նման ոչ մի ողբերգություն «մայրենի լեզու» չունի: Հենց այս պատճառով է, որ կարծում եմ՝ Հոլոքոստի ճանաչումը պետք է համաչափորեն ուղեկցվի Հայոց ցեղասպանության ճանաչման քաղաքական մոտեցմամբ, որը թեև Ռումինիայում թանգարան չի ունենա, քանի որ այս Ցեղասպանությունը տեղի չի ունեցել Ռումինիայի տարածքում, ընդհակառակը, Ռումինիայի տարածքը դրախտ էր դարձել բոլոր նրանց համար, ովքեր փրկվել էին Ցեղասպանությունից, առաջ կբերի մարդկության բոլոր նման վնասվածքների հավասար բուժման մարտահրավերի գաղափարը»,- ավելացրել է Ոսկանյանը: