Դատարանի որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 17-ին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ այսօր մեկնարկեց «Մարտի մեկի» գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։

Մեղադրող դատախազներից ներկա էին Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը և գործի նկատմամբ դատավարական հսկողություն իրակաանցնող դատախազ Պետրոս Պետրոսյանը: Այս գործով կալանքի տակ գտնվող միակ ամբաստանյալը՝ Ռոբերտ Քոչարյանը, «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից բերվել էր դատարան: Դատարան էին եկել նաև ազատության մեջ գտնվող Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը: Վերջինս դատարան եկավ բարձր տրամադրությամբ, ժպիտով, նշեց, որ հարցերի չի ցանկանում պատասխանել:

ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանն ասաց, որ դատարանից ակնկալում է արդարություն: Գեներալ Յուրի Խաչատուրովը լրագրողների հարցերին չպատասխանեց։

Դատական նիստին մասնակցում էին նաև Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները, տուժողները:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դատարանին մի քանի միջնորդություններ էին ներկայացրել՝ կապված Քոչարյանի նկատմամբ կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու, ինչպես նաև քրեական հետապնդումը անհապաղ դադարեցնելու և ընտրված խափանման միջոցը անհապաղ վերացնելու հետ:

Միջնորդությունը ներկայացրեց Արամ Օրբելյանը: Նա, մեջբերելով ՍԴ-ի որոշումը, նշեց, որ, ըստ այդ որոշման, 35-րդ հոդվածը, որով Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել էր, ճանաչվել է հակասահմանադրական: Ըստ պաշտպանի՝ ՍԴ որոշումը հիմք ընդունելով՝ դատարանը պետք է ազատ արձակի Ռոբերտ Քոչարյանին ու ուրիշ որևէ խափանման միջոց չընտրի նրա նկատմամբ մինչև գործի քննության ավարտը:

Պաշտպանը հիշեցրեց, որ ՍԴ-ը հակասահմանադրական է ճանաչել մի դրույթ, որում անձի նկատմամբ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում անձեռնմխելիությանը վերաբերող կարգավորում առկա չէ։

Պաշտպանը մեջբերեց ՀՀ սահմանադրության 3-րդ հոդվածը, ըստ որի՝ հանրային իշխանությունները պարտավարություն ունեն անմիջապես վերացնելու անձի՝ Սահմանադրությամբ նախատեսված իրավունքների խախտումները։

Օրբելյանն ասաց, որ քանի դեռ վերացված չէ օրենսդրական բացը, Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի․ «Խնդրում և միջնորդում ենք՝ պարոն Քոչարյանին անհապաղ ազատ արձակել և նրա նկատմամբ որևէ խափանման միջոց չկիրառել»,–հայտարարեց նա։

Օրբելյանի խոսքը շարունակեց ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, պաշտպանական թիմի անդամ Արամ Վարդևանյանը։ Վերջինս, խոսելով Քոչարյանի դիմումի վերաբերյալ ՍԴ որոշման մասին, ասաց, որ դիմումի հիմքերից մեկն այն է, որ Քր․ դատ․ օրենսգրքի 35-րդ և 165-րդ հոդվածները գործառութային անձեռնմխելիությամբ օժտված անձի նկատմամբ չեն նախատեսում այն անհրաժեշտ ընթացակարգերը, կառուցակարգերն ու երաշխիքները, որ քրեական հետապնդումը լինի իրավաչափ։

Դիմելով դատարանին՝ Վարդևանյանն ասաց, որ պետք է հաշվի առել մի հանգամանք, ի վերջո, անձնական ազատության սահմանափակումը ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի ուժով ոչ միայն նախատեսում է կալանքի կիրառման հիմքերը, այլև Սահմանադիրն ուղղակիորեն սահմանել է օրենքով սահմանված կարգի շրջանակներում այդ հիմքերի իրացումը։ «Կարծես թե ակնհայտ էր այն հարցադրումը, որը բարձրացնում էինք ՍԴ առջև»։ Ըստ Վարդևանյանի՝ այդ ակնհայտությունը նաև արձանագրվել էր նոյեմբերի 15-ի Վճռաբեկ դատարանի որոշման հատուկ կարծիքով Սերժիկ Ավետիսյանի կողմից, որ, ի վերջո, գործառութային անձեռնմխելիությամբ օժտված անձը չունի որևէ իրավական կանխատեսելիություն իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման նկատմամբ, չունի որևէ արդար դատաքննության երաշխիք այդ մասով։

Պաշտպանի ձևակերպմամբ՝ դա անձի չկալանավորվելու իրավունքն է, մի պարզ պատճառով, ինչպե՞ս կարելի է որոշել՝ գործառութային անձեռնմխելիության շրջանակո՞ւմ է գործել անձը, թե ոչ։

Անդրադառնալով թեզին, որ ՍԴ որոշումը խափանման միջոցին և կալանավորմանը վերաբերելի չէ՝ Վարդևանյանն ասաց, որ ՍԴ որոշման մեջ հղում է տրված ՄԻԵԴ նախադեպին կալանավորման իրավաչափության վերաբերյալ, որտեղ ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ եթե օրենքի որակը բավարար չէ, օրինակ, օրենսդրական բացի պայմաններում, կալանավորումն իրավունքի խախտում է։ Պաշտպանը միջնորդությունից առաջ իր խոսքն ավարտեց՝ ասելով, որ Քոչարյանի նկատմամբ  կիրառված է խափանման միջոց  կալանավորում, որն ինքնին ենթադրում է Սահմանադրության խախտում։

Դատախազ Գևորգ Բաղդասարյանը դիրքորոշում հայտնեց, որ Սահմանադրական դատարանի որոշման ուժով Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր չկան։ Բաղդասարյանը հիշեցրեց, որ Սահմանադրական դատարանը պաշտոնաթող նախագահի անձեռնմխելիության հարցը քննարկման առարկա չի դարձրել:

Ըստ մեղադրողի՝ ՍԴ որոշման տրամաբանությունն այն է, որ պաշտոնաթող նախագահի գործառութային անձեռնմխելիության առկայության հարցը պետք է գնահատվի և լուծվի քրեադատավարական ընդհանուր կարգավորումների շրջանակներում՝ մինչդատական վարույթում քննիչի կամ դատախազի, իսկ դատական վարույթներում՝ դատարանի կողմից, քանի որ դրա համար առանձին ընթացակարգ չի սահմանվում:

Ռոբերտ Քոչարյանը խոսելով  դատարանի դահլիճում՝ նշեց, որ իր իրավունքները բազմաթիվ անգամներ խախտվել են: «Տպավորությունն այնպիսին է, որ որևէ խախտման հնարավորություն բաց չեն թողել: Կարծես մեքենա քշես, ճանապարհին 10 փոս կա, էդ 10 փոսի մեջ էլ պետք է ընկնես»,- ասաց Քոչարյանը:

Նա նաև նշեց, որ սա քաղաքական հետապնդում է իր անձի նկատմամբ: «Իմ տպավորությամբ՝ սա ՀՀ պատմության մեջ ամենից խայտառակ քրեական գործն է»,-ասաց ՀՀ երկրորդ նախագահը:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանը Արմեն Դանիելյանի նախագահությամբ բեկանել էր Առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը, և որոշել էր կալանավորել 2-րդ նախագահին և գործը հետ ուղարկել Առաջին ատյան՝ նոր քննության։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր)՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ։

Դատարանի որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 17-ին, ժամը 13:00-ին։