Այսուհետ պետությունը կփոխհատուցի հատուկ կացարաններում բնակվող միայնակ թոշակառուների՝ գազի, լույսի և ջրի վարձավճարները

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 12-ի նիստում հավանություն տվեց «ՀՀ-ում պետական աջակցությամբ ձևավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագծին, որով նախատեսվում է այդ կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և  ջրամատակարարման վարձավճարները փոխհատուցել պետական բյուջեի միջոցներից:

Հարցը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Նա նշեց, որ ՀՀ-ում պետական աջակցությամբ ձևավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում ապրում է մոտ 200 անձ, որոնցից 59-ը միայնակ կենսաթոշակառու են, այդ թվում`28 միայնակ կենսաթոշակառու: Նրանք բնակվում է Երևանում և Մարալիկում գտնվող սոցիալական տներում, իսկ 31-ը` հատուկ խմբերին դասված որոշակի կատեգորիայի անձանց համար նախատեսված կացարանում (այլ կերպ անվանվում է նաև «Վետերան» օթևան):

Սոցիալական տունն անձին տրամադրում է միայն կացարան, և երբեմն էլ որոշ սոցիալական ծառայություններ, սակայն կոմունալ ծառայությունների դիմաց վճարում է բնակիչը, որը հոգում է նաև իր բոլոր անհրաժեշտ ծախսերը`սննդի, հագուստի, կենցաղի հետ կապված: Տարիների փորձը ցույց է տվել, որ սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուները հիմնականում (կենսաթոշակը չի բավարարում միաժամանակ և ապրելու, և կոմունալ ծառայությունների դիմաց վճարելու համար) չեն կարողանում վճարել իրենց սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման վարձավճարները և պարբերաբար խնդիրներ են առաջացնում կացարանների տնօրինությունների համար. վերջիններս էլ հաճախ բնակիչների պարտքերը մարելու կամ զիջելու խնդրանքով դիմում են ծառայություններ մատուցող կազմակերպություններին, որոնք էլ կամ օգնում են կամ էլ`մերժում:

Նախարարի խոսքով, նախատեսվում է, որ օրենքը կընդունվի և կկիրառվի 2020 թվականի հունվարի 1-ից:

Նախագծի ընդունման արդյունքում, սոցիալական աջակցություն կցուցաբերվի միայնակ կենսաթոշակառուների, որոնց թիվը 2019թ. մայիսի 30-ի դրությամբ կազմում է 59: Ըստ նախնական հաշվարկների (հիմք է  ընդունվել նրանց վերջին երկու տարվա ընթացքում սպառած բնակարն գազի, էլեկտրաէներգիայի և ջրի  դիմաց վճարված միջինացված ցուցանիշը), յուրաքանչյուր միայնակ կենսաթոշակառու ամսական վճարում է միջին հաշվով 12 000 դրամ  (երեք ծառայության համար միասին), այսինքն`տարեկան 144 000 դրամ, որը ամբողջությամբ փոխհատուցելու դեպքում մեկ բնակչի հաշվարկով տարեկան կպահանջվի 144 հազ. դրամ, իսկ 59 բնակչի հաշվարկով տարեկան 8 496 000 դրամ: