Արցախի ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանականներին

Սեպտեմբերի 11-ին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է եռօրյա աշխատանքային այցով Արցախում գտնվող Ֆրանսիացի խորհրդարանականներին:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժի փոխանցմամբ՝ Ազգային ժողովի նախագահը, ողջունելով հյուրերին և խոսելով ընդլայնված կազմով խորհրդարանում տեղի ունեցած հանդիպման մասին, նշել է, որ նման հանդիպումները հնարավորություն են տալիս թարմացնելու օրակարգերը և աշխատելու համագործակցության նոր ծրագրերի շուրջ: Աշոտ Ղուլյանը նաև շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի բարեկամ ժողովրդի կողմից Արցախի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար:

Պատվիրակության անունից երախտագիտություն հայտնելով ԱԺ նախագահին՝ ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիեն պատրաստակամություն է հայտնել գործադրել բոլոր ջանքերը Արցախն աշխարհին ճանաչելի դարձնելու ուղղությամբ և նշել այն հիմնական աշխատանքները, որոնք ճանաչումն ու Արցախի զարգացումն անշրջելի կդարձնեն:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև խորհրդարանական դիվանագիտությանը, համագործակցության հեռանկարներին, մասնավորապես՝ գյուղատնտեսության, գիտության և զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: