«Մշակութային երկխոսություն» խորագրով համերգ՝ Գեղարդ վանական համալիրում

ՀՀ Արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հանրային դիվանագիտության տեղեկացմամբ, սեպտեմբերի 13-ին՝ ժ․ 19։00-ին, Գեղարդ վանական համալիրում ՀՀ արտաքին գործերի նախարարության հովանու ներքո տեղի կունենա «Մշակութային երկխոսություն» խորագրով համերգը, որին իրենց կատարումներով հանդես կգան «Հովեր» պետական կամերային երգչախումբը, դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը, սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցը, թմբկահար Կարեն Քոչարյանը, դաշնակահար Վահագն Հայրապետյանը և այլ երաժիշտներ։

Համերգը եզակի հնարավորություն է ոչ միայն հանրությանը ներկայացնել հայկական մշակույթային ժառանգությունը, այլև ի ցույց դնել Հայաստանում զարգացող գեղարվեստական միտումները: Համերգի հիմքում ընկած է անցյալի և ներկայի միջև կամուրջ կառուցելու գաղափարը, վերաիմաստավորելու հայկական ավանդական ժողովրդական և հոգևոր երաժշտությունը՝ ժամանակակից մեկնաբանությամբ:

Միջոցառմանը հրավիրված են բարձրաստիճան հյուրեր Հայաստանից և արտերկրից, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, հայ արվեստի մեծանուն ներկայացուցիչներ:

Նշենք, որ ՀՀ զբոսաշրջության կոմիտեի կողմից արդեն իսկ տարածվել է հայտարարություն վանական համալիրի՝ զբոսաշրջիկների համար որոշակի ժամանակ փակ լինելու մասին: