Ստեփանակերտում բացվել է Արցախի և Ֆրանսիայի բնակավայրերի միջև բարեկամության ցուցանակը (լուսանկարներ)

Ֆրանսիայի խորհրդարանի պատվիրակության՝ Արցախ կատարելիք այցի շրջանակում Ստեփանակերտի Ազատամարտիկների պուրակում այսօր տեղի է ունեցել բարեկամության ցուցանակի բացման հանդիսավոր արարողությունը:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ`ցուցանակի բացման պատիվը տրվել է ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանին և «Ֆրանսիա-Արցախ» Բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիեին:

Ողջունելով ներկաներին` ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ասել է, որ ցուցանակը Արցախի քաղաքացիներին և մայրաքաղաքի հյուրերին կպատմի երկու երկրների բարեկամության մասին:

«Պատահական չէ, որ ցուցատախտակը տեղադրվել է հենց Ազատամարտիկների պուրակում, որը ազատության համար պայքարող մարտիկների պուրակն է, և նրանց մի մասն իրենց կյանքն են տվել Արցախի ազատության համար,- նշել է Ա. Ղուլյանը:- Կարճ ժամանակահատվածում պուրակը դարձել է Ստեփանակերտի ամենասիրված անկյուններից մեկը, և մենք որոշել ենք հենց այստեղ խորհրդանշական ցուցատախտակ տեղադրել, որը կդառնա Արցախի ու Ֆրանսիայի բարեկամության խորհրդանիշներից մեկը»:

Խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ համագործակցող քաղաքների թիվը կաճի, և անհրաժեշտություն կառաջանա նման ցուցանակներ տեղադրել Արցախի մյուս բնակավայրերում ևս:

Իր հերթին «Ֆրանսիա-Արցախ» Բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիեն նշել է, որ  ցուցատախտակը կարևոր խորհրդանիշ է երկու երկրների բարեկամության համար:

«Կարծում եմ` բոլորիս համար կարևոր է հիշել, թե որտեղից ենք գալիս, որպեսզի հասկանանք, թե ուր ենք գնում: Այս առումով կցանկանայի հարգանքի տուրք մատուցել բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն են տվել ազատության համար: Այս հողում շատ տառապանքներ կան, և մարդկանց հիշողությունը դեռ թարմ է»,- ավելացրել է Գի Տեսիեն: