«Ամուլսարի դիրքերը չեն բացվելու, այլ հակառակը՝ ավելի ամրանալու են». պատասխան Ամուլսարի ճանապարհներն ապաշրջափակելու Փաշինյանի կոչին

Երեկ իր սկզբունքների մասին հայտարարությամբ է հանդես եկել «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը: Հայտարարության մեջ նշված է.

«1. Մեր պայքարի մեթոդները պետք է լինեն բացառապես խաղաղ, այլապես կհակասենք այն հեղափոխությանը, որը իրականացրել ենք միասին։

  1. Քանի որ իշխանությունն այսօր հենված է բացառապես ժողովրդի վստահության վրա և իշխանությունը փաստացի շրջանցում է ժողովրդի պահանջը, մենք պետք է հանրային բոլոր խաղաղ մեթոդներով ցույց տանք մեր բողոքն ու դժգոհությունը այս հարցի ներկա լուծման վերաբերյալ։
  2. Մենք դատապարտում ենք բռնության որևէ քայլ, ցանկացած ուժի կողմից, այդ թվում նաև իշխանության։
  3. Մենք դատապարտում ենք նաև սադրող, այս պայքարում այլ նպատակներ հետապնդող ուժերի ներգրավվումը։
  4. Մեր պայքարն արդար է և այն պետք է լինի առավելագույնս թափանցիկ և պարզ։ Պահանջը մեկն է՝ Ամուլսարն առանց հանքի, և մենք պետք է ցուցաբերենք ժողովրդական համախմբվածություն այս հարցի շուրջ։

Խրախուսվում է ցանկացած խաղաղ միջոցառում, որը ուղղված կլինի Ամուլսարի փրկությանը։

Մեր առաջիկա միջոցառումների մասին հավելյալ կտեղեկացնենք։ Խնդրում ենք տարածել հայտարարությունը ի լուր բոլորի»։

Ավելի վաղ «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունն արձագանքելով Ամուլսարի հանք տանող ճանապարհներն ապաշրջափակելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ս. թ. սեպտեմբերի 9-ի կոչին, հանդես էր եկել

«ՊԱՏԱՍԽԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՉԻՆ» վերտառությամբ հայտարարությամբ.

«Այսօր տեղի ունեցավ անսպասելի հայտարարություն Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, որում հիմնական կոչը հետևյալն էր՝ բացել Ամուլսարի պոստերը, բացել ճանապարհները Լիդիանի առաջ: Բացել այն պարագայում, երբ մեր պետության կողմից վստահված միջազգային հետազոտող կազմակերպությունը բաց հայտարարեց բոլորի առաջ, որ Լիդիանի փաստաթղթերը թերի են և ոչ պրոֆեսիոնալ։ Բացել այն պարագայում, երբ մի ողջ առողջարանային քաղաք դեմ է իր հարևանությամբ ունենալու մետաղական հանք։

Մենք պատասխանում ենք այդ կոչին և մեր պատասխանը շատ կարճ է ու հստակ։

– Ամուլսարի դիրքերը չեն բացվելու, այլ հակառակը՝ ավելի ամրանալու են։ Մենք թույլ չենք տալու, որպեսզի այդ հանքը շահագործվի, Ամուլսարը մնալու է սար։ Մենք պայքարելու ենք մինչև վերջ․․․

Իսկ հիմա մենք հանդես գանք կոչով, որը ուղղված է այս խնդրով մտահոգ բոլոր հայերին։ Եկեք իրականացնենք ժողովրդական ուժերի միավորում և կանգնենք Ջերմուկում ապրող մեր հայրենակիցների թիկունքին, համայն հայությամբ։

Առաջին քայլը՝ տարածեք այս հայտարարությունը, թող բոլորը տեսնեն և պայքարին միանալու իրենց համաձայնությունը տան հավանումների ու կիսումների միջոցով։ Թող բոլորը տեսնեն ու զգան մեր քանակը, մեր միասնականության ուժը։

Հ․Գ․

Մեր գալիք քայլերը կմշակենք և կհամակարգենք էջի միջոցով, սպասեք գալիք հայտարարություններին, առաջարկները կարող եք գրել մեկնաբանություններում։

Չենք մոռանում կիսվել և տարածել այս` բոլորիս հայտարարություն-պատասխանը վարչապետին»։