ԱԺ-ը միաձայն ընդունեց աշխատանքի ընդունվելիս տարիքային սահմանափակումը բացառող օրենքի նախագիծը

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հեղինակած օրինագիծը, որով առաջարկվում է աշխատանքի ընդունվելիս կամ աշխատանքային հարաբերությունների ընթացքում տարիքային սահմանափակումն օրենքով ֆիքսել որպես խտրականություն: Օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն:

Նախագծի քննարկման ժամանակ հեղինակը նշել էր, որ եթե մարդիկ ունակ են և աշխատելու ցանկություն ունեն, չի կարելի տարիքի պատճառով չընդունել աշխատանքի:

Աշխատանքի ընդունվելիս որպես խտրականություն ներկայացվել են մի շարք առաջարկություններ ևս, որոնք ընդունվել և ներառվել են նախագծում: Խտրականություն է համարվում սեռի, ռասայի, մաշկի գույնի, էթնիկ կամ սոցիալական ծագման, գենետիկական հատկանիշների, լեզվի, կրոնի, աշխարհայացքի, քաղաքական կամ այլ հայացքների, ազգային փոքրամասնության պատկանելության, գույքային վիճակի, ծնունդի, հաշմանդամության, տարիքի, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքների պատճառով ցանկացած ուղղակի կամ անուղղակի տարբերակում, բացառում կամ սահմանափակում, որի նպատակը կամ արդյունքը հանդիսանում է կոլեկտիվ և (կամ) անհատական աշխատանքային հարաբերությունների ծագման և (կամ) փոփոխման և (կամ) դադարման դեպքերում նվազ բարենպաստ վերաբերմունքի դրսևորումը: