Իրանն ու Չինաստանը «գազային» մարտահրավեր են նետում ԱՄՆ-ին

Պեկինից սենսացիոն հաղորդում է շրջանառվել: «Petroleum Economyist» մասնագիտացված կայքը, վկայակոչելով Իրանի նավթի նախարարության բարձրաստիճան աղբյուրը, պնդում է, որ առաջիկա 5 տարիներին Չինաստանը 280 միլիարդ դոլար կներդնի իրանական նավթի և գազի համալիրում, իսկ ստացված միլիոնավոր բարել նավթն ու միլիարդավոր խորանարդ մետր գազը գնելու է զեղչերով՝ անտեսելով ԱՄՆ պատժամիջոցները: Առևտրային պատերազմի պայմաններում Պեկինի ներդրումները Վաշինգտոնի համար մարտահրավեր կդառնան և իրական ռումբ՝ ԱՄՆ-ի նավթագազային արդյունաբերության համար: Ամերիկան ​​դեռ հույս ունի վերսկսել նավթագազային մատակարարումները Չինաստան, որն այսօր ածխաջրածինների ամենաարագ զարգացող շուկան է: Բայց օգոստոսի վերջին Իրանի արտգործնախարար Մոհամադ Զարիֆն այցելեց իր չինացի գործընկերոջը՝ Վանգ Յիին և ներկայացրեց 2016-ին ստորագրված Իրանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի ճանապարհային քարտեզը, գրում է «Petroleum Economyist»-ը:

Միևնույն ժամանակ, կայքի իրանական աղբյուրը հայտնում է, որ հասարակությանը չի տեղեկացվի փաստաթղթի շատ կարևոր մանրամասների մասին, որոնք կարող են փոխել նավթի և գազի համաշխարհային հավասարակշռությունը: Նորացված համաձայնագրի հիմնական հիմնասյունը կլինի հենց Չինաստանի ներդրումները իրանական վառելիքի և էներգետիկ համալիրում: Հաջորդ հնգամյա ժամանակահատվածում ակնկալվում է ևս 120 միլիարդ դոլարի ներդրում արդեն Իրանի տրանսպորտային և արդյունաբերական ենթակառուցվածքում: Իր հերթին, Թեհրանը չինական ընկերություններին առաջարկում է նավթի հանքատեղերի մշակման առաջնահերթ իրավունք՝ ինչպես նոր, այնպես էլ նրանց, որտեղ աշխատանքները դադարեցվել են: Նաև Չինաստանի գործընկերներին առաջարկել են մասնակցել Իրանում ցանկացած նավթաքիմիական նախագծի: «Առաջարկն իր մեջ ներառում է նաև 5000 մարդու տեղակայությունը Իրանում, անվտանգության ապահովման համար՝ անձնակազմի թվաքանակը ավելացնելու հնարավորությամբ, նավթի, գազի և նավթաքիմիկատների Չինաստան տեղափոխման անվտանգությունն ապահովելու համար»,- նշում է իրանական աղբյուրը՝ հավելելով, որ Չինաստանը կստանա 12% երաշխավորված զեղչ հումքից, և ևս 6-8% փոխհատուցում ռիսկերի համար: Չինական ընկերությունները կկարողանան կատարել տարաժամկետ վճարումներ մինչև երկու տարի և առաքումների համար վճարել ոչ թե դոլարով, այլ «փափուկ» արժույթներով, որոնք նրանք ստանում են Աֆրիկայի և ԱՊՀ երկրների հետ առևտրից: Չինաստանն ուզում է ևս 8-12% զեղչ համաշխարհային գներից, և այդպիսով ընդհանուր զեղչը կարող է հասնել 32%-ի, Չինաստանի համար հավելյալ բոնուս է լինելու նախագծերում Իրանի ցածր վարձատրվող աշխատուժն օգտագործելու հնարավորությունը:

«Petroleum Economyis»-ի աղբյուրը նշել է, որ Թեհրանը Չինաստանի հետ 25 տարվա գործարքում հետապնդում է երեք նպատակ: Առաջինը՝ Չինաստանը Ռուսաստանի հետ հանդիսանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ: «Որպեսզի պատժամիջոցները ՄԱԿ-ի մակարդակի չհասնեն, Իրանն այժմ ունի հինգ Անվտանգության խորհրդի անդամներից երկու դաշնակից: Ֆրանսիան կարող է դառնալ երրորդը, որտեղ օգոստոսին G7-ի գագաթնաժողովին անսպասելի այց կատարեց երկրի արտգործնախարարը»,- հավաստել է աղբյուրը, նշելով, որ խողովակաշարով նախատեսվում է նաև Չինաստանի արևմտյան մասը կապել Իրանի, Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ. «Պեկինը համաձայնել է մասնակցել ռուսական ընկերության նախագծին»: Երկրորդ շահը կլինի երկրի համար երեք առանցքային հանքավայրերում արտադրության աճը: Չինաստանը համաձայնել է արագացնել Պարսից ծոցում աշխարհի ամենամեծ «Հարավային Փարս» գազի հանքավայրի 11-րդ փուլի զարգացումը: CNPC չինական ընկերությունը 30% բաժնեմաս ունի նախագծում ՝ այն բանից հետո, երբ ֆրանսիական Total-ը լքել է այն: Չինաստանը նաև համաձայնել է մեծացնել արտադրությունը Արևմտյան Կարունի հանքավայրերում, ներառյալ «Հյուսիսային Ազադեգանը», որի օպերատոր է հանդիսանում չինական «Sinopec» ընկերությունը: Այժմ խոսքը գնում է օրական 500 հազար բարել արտադրության աճի մասին: Թեհրանի վերջնական նպատակը Չինաստան նավթի մատակարարումների ավելացումն է, և Պեկինը համաձայն է:

Չինական մաքսատան տվյալների համաձայն, հուլիսին իրանական նավթի ներմուծումը կազմում էր օրական ավելի քան 925 հազար բարել: Միևնույն ժամանակ, ինչպես հայտնի է, Չինաստանում առանց մաքսազերծման է պահվում ևս միլիոնավոր բարելներ, որը տեղական ընկերությունները կարող են ցանկացած պահի օգտագործել: Այսպիսով, Իրանը Չինաստանի միջոցով (կամ Չինաստանը Իրանի միջոցով) կամ էլ երկու երկրները փոխհամաձայնությամբ, իրական մարտահրավեր են նետում Վաշինգտոնին:

Սերգեյ Շաքարյանց