ՀՔԾ-ը ձեռնպահ է մնում Վիտալի Բալասանյանին հարցաքննության կանչելու մասին տեղեկությունը մեկնաբանելուց

Ինչպես առավոտյան տեղեկացրել էինք , ըստ մեր կայքի հավաստի աղբյուրի, Հատուկ քննչական ծառայությունը հարցաքննության կանչելու մասին ծանուցագիր է ուղարկել Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանին՝ Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող թիվ 62202608 քրեական գործով։

Ըստ նույն աղբյուրի, Վիտալի Բալասանյանին որոշվել է հարցաքննության կանչել այն բանից հետո, երբ հայաստանյան իշխանությունները համոզվել են, որ  այսօրվա դրությամբ Արցախի նախագահական ընտրություններին հայտ ներկայացրած թեկնածուներից ամենաբարձր վարկանիշն ունի հենց Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը։

Մենք փորձեցիք այդ տեղեկությունը ճշտել հենց ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից, և մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը խնդրեց մեզ ընդմիջումից հետո զանգահարել, որից հետո հայտնեց, որ Հատուկ քննչական ծառայությունը նման տեղեկություն չի կարող տրամադրել, ինչպես նաև զերծ է մնում այդ թեմայով ցանկացած մեկնաբանությունից։

«Սովորաբար մենք հարցաքննված անձանց մասին տեղեկությունը չենք մեկնաբանում․ բոլոր նրանց մասին, ովքեր հարցաքննվել են մարտի 1-ի դեպքերի առնչությամբ, մենք տեղեկություն չենք տրամադրել, մեկնաբանություններից ձեռնպահ ենք մնացել, այս դեպքում ևս»,- LIVEnews.am-ի հետ զրույցում ասաց Մարինա Օհանջանյանը։