«Ֆեյսբուքի» օգտատերերը կկարողանան արգելել լուսանկարներում իրենց դեմքերի ճանաչումը սոցցանցում

«Ֆեյսբուքի» վարչակազմը մտադիր է շուտով ներկայացնել գործառույթ, որի միջոցով բոլոր օգտատերերը կկարողանան սոցցանցում արգելել դեմքերի ճանաչման տեխնոլոգիայի կիրառումն իրենց լուսանկարների նկատմամբ: ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ, այս մասին նշված է սեպտեմբերի 3-ին «Ֆեյսբուքի» պաշտոնական բլոգում հրապարակված հայտարարության մեջ:

Նոր օգտատերերի համար, ստանդարտ սարքաբերումների համաձայն, սույն գործառույթն սկզբնապես անջատված կլինի: Այն կարելի կլինի ցանկացած պահի միացնել: «Ֆեյսբուքում» ճշտել են, որ օգտահաշիվների մի մասի համար սույն գործառույթը մատչելի է դարձել 2017 թվականի վերջից: Սեպտեմբերի 3-ից այն տրամադրվել է բոլորին:

Հայտարարության մեջ ճշտվում է, որ բոլոր օգտատերերի համար մատչելի կլինեն իրենց դեմքերի ճանաչմանը վերաբերող այլ սարքաբերումներ: Դրանց թվում է այդ մասին մարդուն ավտոմատ ծանուցման հնարավորությունը, երբ լուսանկարը, որտեղ ինքը պատկերված է, ինչ-որ մեկը ներկայացնում է որպես իրենը։