Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը խախտել է նրա անձնական ազատության իրավունքը. Արամ Վարդևանյանը՝ ՍԴ որոշման մասին (տեսանյութ)

Կալանավորումը, որը մի քանի անգամ կիրառվել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, խախտել է վերջինիս անձնական ազատության իրավունքը: Այս մասին Սահմանադրական դատարանի որոշման հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:

«Եթե Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ խախտվել է անձնական ազատության իրավունքը, նշանակում է՝ կալանավորումը չի կարող լինել իրավաչափ: Բայց քրեական հետապնդման վերաբերյալ հարցադրմանը կարող ենք պատասխանել որոշմանը ծանոթանալուց հետո»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ՍԴ-ն քիչ առաջ հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ որոշումը: ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հրապարակեց ՍԴ որոշման եզրափակիչ մասը. «ՀՀ Քրեական դատավարության 35-րդ հոդվածը ճանաչել Սահմանադրությանը հակասող և անվավեր: ՀՀ ՔԴ 135-րդ 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը»:

«Քրեական դատավարության 35-րդ հոդվածը այնքանով, որքանով չի նախատեսում որևէ նորմ, որևէ կարգավորում, հատուկ պաշտպանության միջոցներով օժտված պաշտոնատար անձանց համար, ինչպես օրինակ, գործառութային անձեռնմխելիությամբ օժտված է ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, դրանով հակասահմանադրական է՝ սահմանադրությանը հակասող և անվավեր: Հենց դրանով խախտվել է 2-րդ նախագահի ՀՀ սահմանադրության 27-րդ հոդվածով երաշխավորված անձնական ազատության իրավունքը: Այսինքն, անձնական ազատության իրավունքը կարող է խախտվել այն դեպքերում, երբ այն սահմանափակվում է: Տվյալ դեպքում երկրորդ նախագահի անձնական ազատությունը սահմանափակվել է և սահմանափակված է ներկայումս»,- նշեց Արամ Վարդևանյանը:

Սահմանադրական դատարանը երկրորդ կետով՝ անդրադառնալով կալանավորման հոդվածին, նշեց, որ այն համապատասխանում է Սահմանադրությանը:

«Այստեղ պետք է նկատի ունենալ, որ 35-րդ հոդվածն ընդհանուր նորմ է, իսկ 135-րդ հոդվածն ավելի նեղ կարգավորում է նախատեսում, բայց այս երկուսը միմյանց լրացնող հոդվածներ են և չեն կարող կիրառվել միմյանցից առանձին: 135-րդ հոդվածը երբ կիրառվում է, եթե կա խնդիր անձեռնմխելիության, ոչ թե քրեական հետապնդումն այդ վայրկյանին բացառվում է, այլ պարզապես կալանքը չի կարող կիրառվել»,- ասաց նա: