ԲԴԽ անդամները պարտադիր անցնելու են վեթինգի գործընթաց, կարծում եմ՝ պետք է սկսել ինձնից. ԲԴԽ նախագահ

ԲԴԽ-ում աշխատանքները կառուցողական ու դրական մթնոլորտում են ընթանում։ Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը։ Նրա խոսքով՝ ԲԴԽ բոլոր անդամները զինված են համբերատարությամբ, պատրաստ են աշխատել, իրենց ցանկություններն ու կարողություններ ներդնել հանուն Հայաստանի։

«ԲԴԽ-ն ծանրաբեռնված է աշխատում, գրեթե ամեն օր քննարկումներ են լինում։ Փոփոխությունը, որ կարող եմ արձանագրել, այն է, որ այսուհետ լինելու ենք  չափազանց բաց ու թափանցիկ, ցանկացած պահի պատրաստ ենք պատասխանել բոլոր լրագրողների հարցերին»,-ասաց նա։

Վարդանյանը, խոսելով վեթինգի մասին, նշեց, որ ինքը ասել է ու հիմա էլ պնդում է, որ ԲԴԽ անդամներն անցնելու են բարեվարքության ստուգման գործընթացով։

«Պնդում եմ՝ ԲԴԽ անդամները պարտադիր անցնելու են բարեվարքության ստուգման գործընթաց։ Կարծում եմ՝ գործընթացը պետք սկսել ինձնից՝ որպես ԲԴԽ նախագահ, հետո ԲԴԽ անդամները, հետո՝ դատավորները»,-նշեց Ռուբեն Վարդանյանը։

ԲԴԽ նախագահն անհիմն է համարում մեղադրանքները, թե այս ԲԴԽ-ը հարմար է գործող իշխանություններին։

«Անհասկանալի է դա, քանի որ օրենքով է կարգավորված ԲԴԽ ձևավորման կարգը։ Եթե նկատի ունենք, որ ԲԴԽ 5 անդամներ պիտի ԱԺ-ից ընտրված լինեն, իսկ ԱԺ -մեծամասնությունը մեկ քաղաքական ուժ է, ապա կարող է ձեր ասածի մեջ ճշմարտության մեկ տոկոս լինել։ Հաշվի առնելով, որ հինգ դատավոր ընտրվում է  դատավորների ընդհանուր ժողովի կողմից, կարծում եմ հավասարակշռվում է։ Միանշանակ այս ԲԴԽ-ն իշխանություններին ցանկալի չէ, ավելին ասեմ՝ ԲԴԽ-ում քննարկումների ժամանակ բազմաթիվ հարցերի վերաբերյալ նույն մոտեցումն ենք ունենում»,- հավելեց Վարդանյանը։

Ինչ վերաբերում է հարցին՝ ինչու ԲԴԽ-ն չկանգնեց դատավոր Դավիթ Գրիգորյանի կողքին, ով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելուց հետո քրեական հետապնդման ենթարկվեց, Ռուբեն Վարդանյանը մեկնաբանեց․ «ԲԴԽ-ն իրականացնում է իր գործառույթը, որը չի նշանակում դատավորի կողքը կանգնել: ԲԴԽ-ն օժտված է դատական իշխանության ու դատավորի անկախության ապահովմամբ։ Ավելին ասեմ՝ ԲԴԽ-ին բավարար հիմքեր էին ներկայացվել, բայց միայն թույլ ենք տվել քրեական հետապնդում իրականացնել։ Դատավորի անկախություն ապահովելը չի նշանակում, որ ամեն գնով պետք է թույլ չտանք, որ դատավորի  նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի»։