ՀՀ իշխանությունը պետք է արձագանքի ՌԴ նախագահի դեմ Դ․ Իոաննիսյանի գրառմանը․ «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Մոտ մեկևկես ամիս առաջ անդրադառնալով Վրաստանում տեղի ունեցած խայտառակ իրադարձությանը, երբ «Ռուսթավի 2»-ի հաղորդավար Գեորգի Գաբունիան ամենաստոր և տղամարդուն ոչ վայել ձևով հայհոյեց ՌԴ նախագահ  Պուտինին, հռետորական հարց հնչեցրինք, թե ո՞վ է լինելու հայաստանյան Գաբունիան:

Փաստորեն շատ չսպասեցինք: Հայաստանյան առաջին Գաբունիան Դանիել Իոաննիսյանն է: Ճիշտ է, նա առայժմ  չհայհոյեց, բայց նրա արարքը պակաս  վտանգավոր չէ:

Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե Վլադիմիր Պուտինը ուզում է բանտում հանդիպի Ռոբերտ Քոչարյանին, ապա թող զգույշ լինի, որ հետևից դուռը չփակենք»։

Կասկած չունենաք՝ այս ձևակերպումը օրերի ընթացքում հայտնվելու է ռուսական  մամուլի էջերում, գոնե ադրբեջանական լոբբին ամեն ինչ կանի դրա համար։ Անկասկած նշվելու է նաև, որ սա այն Դանիել Իոաննիսյանն է, որը վերջերս վարչապետ Փաշինյանի որոշմամբ պետական բյուջեից ստացավ զգալի ֆինանսական օգնություն՝ Արցախում դիտորդական առաքելություն իրականացնելու համար։ Քաղաքականության մեջ մանրուքներ չեն լինում։

«Անտեսանելի ձեռքը», որը շահագրգռված է տարածաշրջանի ապակայունացմամբ, որը շահագրգռված է հայ-ռուսական հարաբերությունների վատթարացմամբ, շարունակում է գործել, անել իր չար գործը: Ընդ որում, այդ նպատակին հասնելու համար օգտագործվում է ցանկացած առիթ, պատրվակ, միջոցառում:

Վրաստանում, չնայած Ռուսաստանի հետ ունեցած բարդ հարաբերություններին, բավական արագ կողմնորոշվեցին, ճիշտ գնահատեցին իրավիճակը և շատ արագ, թե Գաբունիային, թե հեռուստաալիքի տնօրենին դուրս շպրտեցին իրենց աշխատանքից:

Հիմա Իոաննիսյանի արարքին պետք է արագ արձագանքի ՀՀ իշխանությունը: Որպես առաջին քայլ՝ պետք է չեղյալ համարվի Իոաննիսյանի կազմակերպությանը ֆինանսավորելու և Արցախ գործուղելու՝ Կառավարության որոշումը: Մյուս քայլերը թող Կառավարությունում մտածեն:

Դանիել Իոաննիսյանը շարքային քաղաքացի չէ: Նա հեղափոխության սիմվոլներից է։ Նրա գրառումը անհետևանք չի մնալու։

Հուլիսին նշել էինք, որ մենք ունեն նեղ մասնագիստացված գաբունիաներ Արցախի հարցով, հերոսների հարցով, դատարանների հարցով, եկեղեցու և ընտանիքի հարցերով, Վենետիկի հանձնաժողովի գործով, այլ և այլ հարցերով, և որ դրանք հերթով, ըստ պահի անհրաժեշտության,  օգտագործվելու են։ Այնպես որ, Գաբունիաների շքերթը բացվել է, սպասենք նոր զարգացումների։

Գեղամ Նազարյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»