Ամերիկան «մասնատվում է թշնամանքով վարակված ցեղերի»

ԱՄՆ առաջատար քաղաքական վերնախավը ծանր ժամանակներ է ապրում, և նախկին հանրապետական ​​Պատրիկ Ջոզեֆ Բյուքենենի օրինակով ՀՀ քաղաքացիները հնարավորություն են ունեցել համոզվել, որ ԱՄՆ-ում իշխանության մեջ այլևս մոնոլիտ միասնականություն գոյություն չունի: Օգոստոսի վերջին հանկարծակի և անկեղծ խոսեց ԱՄՆ Պենտագոնի նախկին ղեկավար, գեներալ Ջեյմս Մեթիսը: Հիշեցնեմ, որ նա աշխատանքից հեռացվեց 2018-ի դեկտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ տարաձայնությունների պատճառով, այդ թվում`Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրս բերումն սկսելու կապակցությամբ: Associated Press գործակալությունը օգոստոսի 29-ին հաղորդել է, որ գեներալ Մեթիսը որոշել է խոսել (իսկ պաշտոնաթող լինելուց հետո նա ամիսներ շարունակ լռում էր…)։ Նա մտահոգություն հայտնեց ամերիկյան քաղաքականության վիճակի և իր դաշնակիցների նկատմամբ ամերիկյան ներկայիս վարչակազմի վերաբերմունքի վերաբերյալ:

Նա գրեց «Call Sign Chaos: Learning to Lead» գիրքը («Ազդակոչ «Քաոս»։ Սովորել ղեկավարել»), որի մեջ ներառված քաղաքականացված էսսեն ադապտացված եղանակով հրատարակվել է «The Wall Street Journal» թերթում։ Մի քանի մեջբերում բերեմ այդ էսսեից. «Բոլորս գիտենք, որ մենք ավելի լավն ենք, քան մեր ներկայիս քաղաքականությունը: Ի տարբերություն անցյած ժամանակների, երբ մենք միասնական էինք և դաշնակիցներ էինք ներգրավում, այսօր այն, ինչը մեզ միավորում էր, կարծես թե հեռանում է: Դաշնակիցներ ունեցող պետությունները ծաղկում են, մինչդեռ որոնք չունեն այդպիսիք՝ թոշնում են: Ամերիկան միայնակ ​​չի կարող պաշտպանել մեր ժողովրդին և մեր տնտեսությունը: Այսօր տեսնում ենք, թե ինչպես են հավաքվում ամպրոպաբեր թխպամպերը»: Մեթիսի խոսքերը անսպասելի չեն. նրանք ազդանշան են ամբողջ մոլորակին, որ Ամերիկան ​​իրականում չունի ռեալ դաշնակիցներ: Մի մարդու խոստովանություն, որը համարվում էր ԱՄՆ ծովային հետևակազորի հպարտությունը և որը համբավ է վաստակել որպես կոպիտ, բիրտ, անհանդուրժողական և դաժան զինվորական`համենայնդեպս Իրաքի օկուպացման հետ կապված իրադարձություններում:

Սակայն ինձ ավելի շատ հետաքրքրեց գեներալ Մեթիսի մեկ այլ խոստովանություն: Վստահ եմ, որ Հայաստանի բոլոր քաղաքացիների համար ևս օգտակար կլինի իմանալ ճշմարտությունը, որը բարձրաձայնում է հենց վերնախավի անդամ-ամերիկացին: Կարծում եմ, որ մի քանի շաբաթ առաջ շատերը զարմացան՝ իմանալով, որ դեռևս 1990թ. Պատրիկ Բյուքենեն ԱՄՆ Կոնգրեսն անվանեց «Իսրայելի կողմից օկուպացված տարածք»։ Գեներալ Մեթիսի խոստովանությունները ոչ պակաս լուրջ են, հղի ԱՄՆ համար գլոբալ (համաշխարհային) հետևանքներով: Առանց Թրամփի անունը տալու, Մեթիսը հասկացրեց, որ և Սպիտակ տան վարչակազմը, և նրա առավել անթաքույց քննադատները զբաղվում են կործանարար քաղաքականությամբ: Նա գրում է, որ իրեն ավելի շատ անհանգստացնում է ամերիկյան հասարակության ներքին մասնատումը, քան արտաքին սպառնալիքները: «Մենք մասնատվում ենք թշնամանքով վարակված ցեղերի, որոնք միմյանց ցանկանում են անհաջողություններ, հույզերի և փոխադարձ արհամարհանքի պատճառով, ինչը սպառնում է մեր ապագային`մեր շփման եզրերը վերագտնելու և լուծումներ փնտրելու փոխարեն: Ամերիկացիները պետք է խոստովանեն, որ մեր ժողովրդավարությունը միայն փորձ է, այն էլ այնպիսի, որը կարող է հակադարձվել: Չպետք է թույլ տալ, որ թրայբալիզմը ոչնչացնի մեր փորձը», – դառնությամբ խոստովանում է գեներալ Մեթիսը:

Եթե ​​ամերիկյան զինվորականը ստիպված է հուսահատորեն հրապարակավ նախազգուշացնել ԱՄՆ քաղաքացիներին, որ «ամերիկյան ժողովրդավարությունը փորձ է», որը կարող է և ավարտվել, ապա էլ ինչ խոսել Հայաստանում կամ որևէ այլ երկրում «ամերիկյան ժողովրդավարություն» ներմուծելու փորձի մասին: Եթե «թշնամացած ցեղերի ներքին մասնատման» պատճառով գեներալ Մեթիսը վախենում է «ամերիկյան ժողովրդավարության» տապալումից՝ որպես ամբողջություն, ապա մենք Հայաստանում պետք է ամերիկացիներից խելացի գտնվենք՝ նախօրոք իմանալով, որ մեր երկիրը արտասահմանյան փորձարարների համար դաշտ չէ: Շատ ավելի հուսալի են հայ ազգի ավանդական արժեքներն ու ավանդական ժառանգությունը:

Սերգեյ Շաքարյանց