Ճապոնացի կույր դաշնակահարի բժշկող երաժշտությունը կհնչի նաև Հայաստանում (տեսանյութ)

«Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի աշնանային համերգաշարը կմեկնարկի սեպտեմբերի 6-ին`ճապոնացի հանրահայտ դաշնակահար Նոբույուկի Ցուջիի մենահամերգով, որը կկայանա «Արամ Խաչատրյան» համերգասրահում ժամը 19:30-ին: Սա ի ծնե կույր դաշնակահարի առաջին մենահամերգն է Հայաստանում: Հայ երաժշտասերները հնարավորություն կունենան հիանալու ճապոնացի դաշնակահարի կատարումներով, դաշնակահար, ում արվեստի մասին ամերիկացի հռչակավոր մեկ այլ դաշնակահար Վան Քլայբերնն ասել է․«Նրա կատարումը բժշկելու ուժ ունի, աստվածային է»:

Իսկ Վալերի Գերգիևը հիացել է այդ երաժշտի հնարավորությունների անսահմանությամբ․ «Նա ոչ միայն մեծագույն երաժիշտ ու աստղ է, այլև ապացուցում է, որ մարդկային հնարավորությունները գրեթե սահմաններ չունեն»:
Համերգային ծրագրում կհնչեն Կլոդ Դեբյուսիի, Մորիս Ռավելի և Ֆրեդերիկ Շոպենի ստեղծագործությունները:
Փառատոնի շրջանակում սեպտեմբերի 15-ին կկայանա լեգենդար դաշնակահար Սըր Անդրաշ Շիֆի առաջին մենահամերգը Հայաստանում, իսկ սեպտեբերի 24-ին փառատոնը կհյուրընկալի մեգա-աստղ, թավջութակահար Գոտիե Կապյուսոնին: Հոկտեմբերի 1-9 տեղի կունենան հոբելյանական տասնօրյակի համերգներ, որոնց կմասնակցեն դիրիժոր Փիթեր Ունջյանը, ջութակահար Պինխաս Ցուկերմանը, ալտահար Քիմ Քաշքաշյանը, «Կուս» լարային քառյակը: