Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Արցախի ժողովրդին Հանրապետության օրվա առիթով

Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք հղում Ձեզ, Լեռնային Ղարաբաղի պետական այրերին և մեր ողջ հավատավոր ժողովրդին Արցախի Հանրապետության օրվա առիթով:

Արդեն 28-րդ տարին անընդմեջ ազգովի տոնախմբում ենք պատմական անարդարությունների դեմ նորագույն շրջանում հայ ազգի հաղթանակն ազդարարող` Արցախի անկախության հռչակման տարեդարձը։ Տոնում ենք արդար հպարտությամբ հաղթությունը մեր զավակների հերոսական պայքարի, որի շնորհիվ Արցախը դարձավ համայն մեր ժողովրդի ազատ ու արժանապատիվ կյանքի նոր հույսերի փարոսը: Պատերազմական դժվարին տարիներին մեր ժողովրդի զավակների հեղած արյամբ նվիրագործվեց արցախյան հողը, որի երջանիկ ու անվրդով կյանքի համար տակավին հարկադրված ենք պայքարել, երբեմն անգամ մեր զավակների կյանքի գնով:

Բարձրորեն գնահատում ենք խիզախ ոգին ու նվիրումը արցախաբնակ մեր զավակների, հայրենի սահմաններն անառիկ պահող մեր քաջարի զինվորների, որոնց հանձնառության շնորհիվ զորեղ ու լավատես է նաև աշխարհասփյուռ հայոց հոգին և կյանքը:

Ադրբեջանի բռնությունից ազատագրման այս օրը վերստին հաստատում ենք մեր Սուրբ Եկեղեցու զորակցությունը Արցախին և նրա բարեսեր ժողովրդին: Հայոց Եկեղեցին իր օրհնությամբ և ողջ ներուժով շարունակելու է սատարել հայրենի պատմական հողի վրա վերականգնված ազատ ու անկախ պետականության ամրապնդման սրբազան առաքելությանը: Դրա անուրանալի վկայությունը նաև հոգեփրկչական օրհնաբեր գործունեությունն է Արցախի թեմի, որի հիմնադրման 30-ամյա տարեդարձը նշանավորվեց Ստեփանակերտի նորակառույց Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու օծումով:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մեր հայցն ենք առ Աստված բարձրացնում, որ Երկնավոր Տերը ին զորակից լինել Արցախի մեր հերոս ժողովրդին՝ պարգևելով աննկուն կամք ու ոգի՝ հաղթահարելու պարտադրյալ պատերազմի բոլոր դժվարությունները: Թող Բարձրյալ Տերը խաղաղ ու անսասան պահի Արցախ աշխարհը, շեն ու պայծառ՝ արցախահայության կյանքը»,- նշված է Վեհափառ Հայրապետի շնորհավորագրում: