Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպվել է ռազմական տեխնիկայի և սպառազինության ցուցահանդես (լուսանկարներ)

Այսօր` սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպվել է ռազմական տեխնիկայի և սպառազինության ցուցահանդես:

«Արցախպրեսի» թղթակցի հաղորդմամբ` ցուցահանդեսին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանի և պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ շրջել է տաղավարներով ու ծանոթացել ներկայացված արտադրանքին և սեփական արտադրության նոր զինանմուշներին:

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանն ասել է, որ ցուցադրության նպատակն է հանրությանը ներկայացնել զինված ուժերում առկա նոր նմուշները և խթանել տեղական արտադրանքին:

«Սեփական արտադրության նոր զինանմուշները կհագեցնեն առաջնագիծը և կբարձրացնեն զորքի կենսունակությունը: Սպառազինության տեսակներից որոշներն արդեն իսկ անցել են զորային փորձարկում, որոշներն էլ դեռ փորձարկման մեջ են: Մեր սպաներն ու զինվորները գոհ են այն տեսակներից, որոնք կիրառվում են գործնականում: Միանշանակ է, որ առաջիկայում մեր բանակը համալրվելու է արդիականացված սպառազինությամբ և նոր զինտեխնիկայով»,- մանրամասնել է Կարեն Աբրահամյանը:

Վերածննդի հրապարակում բացազատվել էր նաև դաշտային խոհանոց՝ համերկրացիներին և հյուրերին հնարավորություն ընձեռելով համտեսել  զինվորական ճաշ: