Թուրքիան արձագանքել է Լիբանանի նախագահի հայտարարությանը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես արձագանքել է Լիբանանի նախագահ Միշել Նայիմ Աունի կողմից թվիթերյան էջում արված գրառմանը։

Լիբանանի նախագահը «Մեծ Լիբանանի Հանրապետության» հիմնադրման օրվա կապակցությամբ  իր էջում գրել էր.

«Առաջին  աշխարհամարտի ավարտով, օսմանցիների պարտությամբ և ֆրանսիական մանդատով մեր պատմության մեջ նոր փուլ սկսվեց։ 1920թ․ ստեղծեցինք Մեծ Լիբանանի Հանրապետությունը և ձեռք բերեցինք անկախություն»։

«Ermenihaber.am»-ի տեղեկացմամբ, Թուրքիայի արտգործնախարարությունը Լիբանանի նախագահի գրառումը որակել է որպես անպատասխանատու և օսմանյան ժամանակաշրջանի նկատմամբ կանխակալ, անհիմն հղումներով հայտարարություն, որում Օսմանյան պետությունը ներկայացվում է «ահաբեկչական պետություն»։

Գրավոր հայտարարության մեջ Թուրքիայի արտգործնախարարությունը նաև տեղ է հատկացրել իրենց կողմից շրջանառվող այն կեղծ քարոզչությունը, թե իբր Օսմանյան կայսրությունը տարածաշրջանում խաղաղություն, կայունություն և զարգացում է ապահովել, իսկ Օսմանյան պետության անկման հետևանքով տարածաշրջանը մատնվել է անկայունության։