Գյումրու «Դվին» ռեստորանի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է, հարուցվել է քրեական գործ

Գյումրու «Դվին» ռեստորանի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Նշենք, որ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: Անդրադառնալով հոսպիտալացված 44  հիվանդների վիճակին՝ մարզպետը տեղեկացնում է, որ այս պահին  հիվանդանոցում են 3 հիվանդ՝ 2 մեծահասակ և 1 երեխա: «Այս պահի դրությամբ հիվանդանոցներում գտնվում են 2 մեծահասակ և 1 երեխա, ովքեր բժիշկների ներկայացմամբ օրվա ընթացքում հնարավոր է դուրս գրվեն։

Ոստիկանության, քննչական կոմիտեի և սննդի անվտանգության տեսչության ներկայացուցիչները համատեղ պարզում են դեպքի մանրամասները։ Հարուցվել է քրեական գործ»,-նշված  է մարզպետի գրառման մեջ։

Հիշեցնենք, որ թունավորման ախտանիշներով Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն և ինֆեկցիոն-հակատուբերկուլոզային հիվանդանոց են տեղափոխվել 47 քաղաքացի, որոնցից երկուսի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, իսկ մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել: