Երևանում աղբահանության խայտառակ վիճակն առաջիկայում էլ ավելի է վատթարանալու, բայց հիմնական վտանգը դեռ սա չէ

Հայաստանի մայրաքաղաք Երևանում աղբահանության խայտառակ վիճակն առաջիկայում էլ ավելի է վատթարանալու, թեև գրեթե բոլոր այն մայթերով, որոնց հարևանությամբ աղբարկղեր են տեղադրված, կուտակված աղբի գարշահոտությունից անցնել չի լինում:

«Սանիթեք» ընկերությունը երեկ հանդես է եկել հերթական հայտարարությամբ` երևանցիներին զգուշացնելով, որ մայրաքաղաքում աղբահանության իրականացումը վերջնականապես վտանգված է: «Սանիթեք» ընկերության տնօրինության հայտարարության մեջ նշված է.

«Սիրելի՛ երևանցիներ,

Տեղեկացնում ենք, որ շահագրգիռ մարմինների կողմից հետևողականորեն իրականացվող ռազմավարության և ընկերության ֆինանսական վիճակի վրա շարունակական ճնշումների արդյունքում վերջնականապես վտանգված է «Սանիթեքի» կողմից ծառայությունների մատուցումը: Ֆինանսական ճնշումների արդյունքում ընկերությանը վճարվող գումարից պահվել է ավելի քան 300 միլիոն ՀՀ դրամ:

Ընկերությունը հայցում է համաքաղաքացիների ներողամտությունը ծառայությունների մատուցման հետագա վատթարացման համար»,– նշված է հայտարարության մեջ:

Էլ ի՞նչ ներողամտություն… Հայաստանի մայրաքաղաքի այս վիճակի դեպքում: «Սանիթեք» ՍՊԸ-ն և Երևանի քաղաքապետարանը տևական ժամանակ մեղքն իրար վրա են գցում, բայց դրանից երևանցիներին ի՞նչ օգուտ, հիմնախնդիրը մնում է չլուծված: Չգիտենք` Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը կսթափվի՞ և վերջապես կկատարի՞ քաղաքապետի իր պարտականությունները, նույնիսկ եթե Երևանի հակասանիտարական վիճակի հետևանքով խոլերայի համաճարակ բռնկվի կամ առնետները դառնան նապաստակի չափ (եթե արդեն չեն դարձել): Խիստ կասկածում ենք…

Առողջ տրամաբանությունը հուշում է, որ եթե ստեղծված իրավիճակի համար «Սանիթեք» ընկերությունն է մեղավոր, և չկա Երևանի քաղաքապետարանի մեղքի բաժինը, ապա քաղաքապետարանը «Սանիթեք»-ին մեկ-երկու անգամ տուգանելուց կամ տույժի ենթարկելուց` ընկերությանը վճարվելիք գումարից չմատուցված ծառայության կամ պայմանագրային պարտականությունները չկատարելու համար պահումներ կատարելուց հետո, պարզապես պետք է միակողմանի կարգով խզեր հիշյալ ընկերության հետ կնքված պայմանագիրը, իհարկե, մինչ այդ Երևանի աղբահանության համար մրցութային կարգով ընտրելով նոր ընկերություն: Սակայն, ինչպես փաշինյանական իշխանության գործունեության շատուշատ դրսևորումներ, այս դեպքում ևս Երևանի քաղաքապետարանի գործելակերպն ընդհանուր ոչինչ չունի առողջ տրամաբանության հետ: Հետո ի՞նչ, որ «Սանիթեք»-ի վատ աշխատանքի համար Երևանի քաղաքապետարանը նրան վճարվելիք գումարից հերթական անգամ մի խոշոր մաս պահեց (այս դեպքում, ըստ հիշյալ ընկերության, ավելի քան 300 միլիոն դրամ), դրանից Երևանի աղբահանության վիճակը բարելավվեց կամ բարելավվելո՞ւ է… Իհարկե՛ ոչ: Անցյալ ամիսների փորձը հենց դա է ցույց տալիս:

Հիշենք, որ այս տարվա ապրիլին «Սանիթեքը» հայտարարեց, որ ընկերությունը և Երևանի քաղաքապետարանը կհամագործակցեն նոր ձևաչափով, և որ «Սանիթեքի» և  քաղաքապետարանի համատեղ քննարկումները շատ մոտ են հանգուցալուծմանը, որը պետք է հանգեցնի մեր քաղաքի անխափան ու բարձր մակարդակի աղբահանության:

«Դեռևս նախորդ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ընկերությունը քաղաքապետարանի հետ քննարկումների ժամանակ նախազգուշացրել էր, որ եթե չլինի համատեղ լուծում, ապա աղբահանության կազմակերպման հետ կապված կարող են ծագել խնդիրներ,- նշված էր «Սանիթեքի» վերոնշյալ հայտարարության մեջ:- «Սանիթեք» ընկերությունն այս ողջ ընթացքում անդադար վնասներ է կրել և չի ստացել ոչ մի փոխհատուցում։ Տեղեկացնում ենք, որ ընկերության և քաղաքապետարանի հետ համատեղ քննարկումները շատ մոտ են հանգուցալուծմանը, որը պետք է հանգեցնի մեր քաղաքի անխափան ու բարձր մակարդակի աղբահանությանը»:

Ըստ «Սանիթեքի» նույն հայտարարության, շուտով ավարտին էր մոտենալու իր և քաղաքապետարանի համագործակցության նոր ձևաչափի քննարկման գործընթացը։ Համագործակցության մանրամասները, սակայն, հայտարարության մեջ նշված չէին: Սակայն հիմա նույն ընկերությունը հայտարարել է, որ վերջնականապես վտանգված է իր կողմից ծառայությունների մատուցումը: 2019թ. ապրիլին հաջորդած ամիսների ընթացքում մայրաքաղաքի աղբահանության խայտառակ վիճակը ցույց տվեց, որ «Սանիթեքի» ապրիլյան հայտարարությունում նշված համագործակցությունը չի կայացել, և որ Երևանի քաղաքապետարանն ու քաղաքապետն ունակ չեն համագործակցության միջոցով կամ այլ կերպ Երևանի աղբահանության խնդիրը լուծել: Այս պարագայում քանի՞ լումա արժե Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանի կողմից դեռ ամիսներ առաջ արված այն հայտարարությունը, թե քաղաքապետարանն ամենօրյա ռեժիմով աշխատում է՝ վիճակը բարելավելու և խնդրին վերջնական լուծում տալու ուղղությամբ:

Բնականաբար հարց է առաջանում`փաշինյանական իշխանությունը, որը նույնիսկ ունակ չէ մայրաքաղաքի աղբահանության խնդիրը լուծել, ինչպե՞ս է լուծելու անհամեմատ բարդ Արցախյան հիմնախնդիրը կամ դիմագրավելու այն վտանգները, որոնք առաջանալու են Ամուլսարի հանքի շահագործման դեպքում: Պատասխանը, կարծում ենք, պարզ է` ավելի անկարող է լինելու, քան Երևանի աղբահանության խնդրի լուծման հարցում է:

Մեկ տարբերություն էլ կա` եթե Երևանի աղբահանության անցած տարվանից սկսված ու ներկայիս հակասանիտարական ու խայտառակ վիճակն արդյունքում սպառնում է առանձին անձանց վարակվելով, հիվանդանալով, գուցե վարակիչ այս կամ այն հիվանդության բռնկմամբ, Հայաստան եկող զբոսաշրջիկների քանակի նվազմամբ (կարծում ենք, արդեն իսկ լուրջ վնաս է հասցրել Հայաստանի զբոսաշրջային վարկանիշին և հեղինակությանն ընդհանրապես), ապա փաշինյանական իշխանության գործելակերպն Արցախի և Ամուլսարի հարցում հարվածի տակ է դնում հայկական զույգ պետությունների ազգային անվտանգությունը, եթե չասենք գոյությունն ընդհանրապես:

Արթուր Հովհաննիսյան