Արտասահմանյան երկրներում Հայաստանի դեսպանները կայցելեն Արցախ

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Ազգային ժողովի պատգամավորներին սեղմ ծանոթացրել է ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների հանդիպման արդյունքներին:

Խորհրդարանում ելույթ ունենալով՝ նախարարը նշել է, որ ամենամյա հանդիպումն այս անգամ նոր ձևաչափով է անցկացվում և առաջինն է երկրում թավշյա հեղափոխությունից հետո: Հանդիպումը հնարավորություն է տալիս հստակեցնել նպատակները, առաջնահերթությունները, արտաքին քաղաքականության սկզբունքները և այն իրականացնելու առավել արդյունավետ ուղիները: Այս ենթատեքստում նախարարը հատուկ նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթ-ուղերձը:

Նախարարը տեղեկացրել է, որ համաժողովի աշխատանքին և քննարկումներին մասնակցել են կառավարության անդամները, և սա զգալիորեն նպաստել է առաջնահերթությունների հստակեցմանը: «Սա մեզ համար կարևոր միջոցառում է գերատեսչությունների համակարգումն ամրապնդելու տեսակետից»-, նշել է ԱԳ նախարարը՝ հավելելով, որ քաղաքակրթական և պատմամշակութային արժեքների գիտակցումը ամուր հիմքով հարաբերությունների կառուցման բացառիկ հնարավորություն է տալիս: Համաժողովն ընթանում է «Արժեքները պրակտիկայում, գործում: Հայաստանի դիվանագիտությունը փոփոխվող աշխարհում» կարգախոսով: Ըստ այդմ՝ նախարարն առանձնացրել է արժեքների 3 խումբ՝ քաղաքակրթական, պատմական ժառանգություն, ժամանակակից ժողովրդավարություն և մարդու իրավունքներ, որոնք հայ ժողովուրդը պաշտպանել է թավշյա հեղափոխության և հաջորդած ընտրությունների ժամանակ:

Նախարարը նշել է արտաքին քաղաքականության 3 հիմնական սկզբունքները՝ ինքնիշխանություն, հայությունը որպես արտաքին քաղաքականության կենտրոն, համագործակցություն: ԱԳ նախարարը չի համաձայնել, որ արժեքների վրա կառուցված քաղաքականությունն անհեռատես է: Հայաստանի դեպքում հակասություններ չկան արժեքների և շահերի միջև, շեշտեց Մնացականյանը:

ԱԳ նախարարը հատուկ կարևորել է խորհրդարանական դիվանագիտությունը և ԵԽԽՎ-ի, ԵԱՀԿ ԽՎ-ի, ՀԱՊԿ ԽՎ-ի, Եվրանեսթի, մյուս բոլոր խորհրդարանական կառույցների հետ համագործակցությունը:

Համաժողովի շրջանակում նախատեսված են ձեռներեցների և գինեգործների հետ դեսպանների հանդիպումներ: Դիվանագետները վաղը կայցելեն Գյումրի և տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի հետ կհանդիպեն մարզի ձեռներեցների հետ, որպեսզի ավելի լավ հասկանան մարզերի հնարավորությունները և թե ԱԳՆ-ն ինչպես կարող է օգնել մարզերի զարգացմանը: Համաժողովի վերջին 2 օրերին դիվանագետները կայցելեն Արցախ: