Պարոն Փաշինյան, Ամուլսարի աղետը դեռ կարելի է կանխել, հետևանքների ողջ պատասխանատվությունը, առաջին հերթին, ձեր վրա է ընկնելու

Վարչապետը և մյուս պատասխանատուները պատկերացնո՞ւմ են գոնե կեսն այն հետևանքների, որոնք սպասվում են Ամուլսարի հանքի շահագործման դեպքում: Չգիտեմ, բայց ի գիտություն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին, Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին, ոստիկանապետ Վալերի Օսիպյանին. Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրում հետագա աշխատանքները պետք է արգելել, ոչ միայն տարածաշրջանի էկոլոգիական անվտանգության, այլև Հայաստանի էկոլոգիական և, ընդհանրապես, ազգային անվտանգության հրամայականներից ելնելով, չպետք է թույլատրել Ամուլսարի հանքի բացումն ու շահագործումը:

Ամուլսարի հանքի շահագործման դեպքում բուն հանքի տարածքում թթվային դրենաժի ռիսկը կառավարելի չի լինելու, նշվածն անժխտելի է: Դա նշանակում է, որ հանքի տարածքում փոշու նստեցման համար օգտագործվող հսկայական ծավալի ջրի, անձրևաջրերի և հալոցքային ջրերի, մյուս կողմից սուլֆիդային միներալների միացման, քիմիական ռեակցիայի հետևանքով առաջացած ծծմբական թթու (H2SO4) պարունակող նույն ջրերի ներթափանցումը (ստորգետնյա «մազանոթներով»` Ամուլսարի ապարների միլիոնավոր կամ միլիարդավոր ճեղքվածքներով, որոնք, բնականաբար, էլ ավելի են շատանալու պայթեցումների հետևանքով) Ամուլսարից ներքև գտնվող ստորգետնյա ջրեր և դրանց թունավորումն անհնար է լինելու կանխել, կանխարգելել, չեզոքացնել: Ըստ գիտնականների, Ամուլսարի ապարներն առանց այդ պայթեցումների էլ շատ ճաքճքված են; Թունավորվելու կամ առնվազն աղտոտվելու են նաև Որոտան և Արփա գետերը, որոնց աղբյուրները կապ ունեն այդ ստորգետնյա ջրերի հետ, սնվում են դրանցով: Աղբյուրների և գետերի ջրերը ոչ միայն անպիտան, այլև վտանգավոր են դառնալու խմելու և ոռոգման համար: Այս համոզմանն է նաև ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր Արմեն Սաղաթելյանը:

Պետք է անպայման նկատի ունենալ, որ Ամուլսարի հանքը շահագործվելու է բաց եղանակով, այսինքն` փորվելու է հսկայական փոս («կարիեր»), որը ձագարի դեր է խաղալու, և՛ մթնոլորտային տեղումները, և՛ մակերեսային հոսքերը, և՛ գրունտային ջրերը, բոլորը լցվելու են այդ ձագարի մեջ, որն այդ ամբողջ ջուրը քաշելու է դեպի խորք: Ձևավորված ջրային հոսքը` իր մեջ ներառած ծծմբական թթուն, խառնվելու է ստորգետնյա ջրերին:

Ավելին. ծծմբական թթու պարունակող ջուրը շատ ավելի մեծ ինտենսիվությամբ, քան սովորական ջուրը, իր մեջ լուծելու է հիշյալ հանքի ապարների մեջ առկա կապարը,  մյուս ծանր ու թունավոր մետաղները, նյութերը, ինչպես նաև ռադիոակտիվ ուրանը, որի մեծ պարունակություն կա Ամուլսարում: Արդյունքում ստացվելու է, որ ստորգետնյա ջրերը, որոնց մի մասն Ամուլսարից ներքև գտնվող հորիզոններում դուրս է գալիս խմելու ջրի աղբյուրներից, մի մասը, արդեն իսկ կատարված հետազոտության համաձայն, հասնում Ջերմուկ, թունավորվելու են ոչ միայն ծծմբական թթու, այլև դրա լուծած թունավոր և ռադիոակտիվ նյութերը պարունակող ջրերով:

Արմեն Սաղաթելյանի հավաստմամբ, Ամուլսարը սուլֆիդային դասի հանքավայր է, որտեղ տարբեր մետաղներ առկա են ծծմբի միացությունների տեսքով: Կան երկաթի, պղնձի, այլ մետաղների միներալներ (բնական քիմիական միացություններ): Սուլֆիդային հանքավայրերում, նրանց թվում նաև` Ամուլսարում, բոլոր բնական միացությունները մետաղի և ծծմբի միացություններ են: Օրինակ` պիրիտ (երկաթ-ծծումբ-թթվածին), խալկոպիրիտ (երկաթ-պղինձ-ծծումբ-թթվածին), և այլ մետաղների հետ ծծմբի միացություններ:

Անկառավարելի այլ ռիսկեր նույնպես կան, ինչպես, օրինակ, 7, 8 մագնիտուդ ուժգնության երկրաշարժի դեպքում (ինչը տվյալ վայրում միանգամայն սպասելի է, հիշենք, թեկուզ, 735թ ավերիչ երկրաշարժի հետևանքով շուրջ 10 000 բնակիչ ունեցող Վայքի մայրաքաղաք Մոզի կործանումը) թունավոր նյութերով լեցուն ահռելի պոչամբարի հատակային մեկուսիչ շերտի պատռվելը և ստորգետնյա ճեղքերով թունավոր նյութերի արտահոսքն ու թափանցումը ստորգետնյա ջրեր, որոնց մի մասը  դուրս է գալիս երկրի մակերես, այժմ օգտագործվում խմելու և ոռոգման համար, ինչն Ամուլսարի շահագործումից հետո կդառնա անհնար:

Ստորև ներկայացնում ենք նաև ԷԼԱՐԴ/ELARD ընկերության իրականացրած ուսումնասիրության արդյունքների հրապարակումից հետո Արմեն Սաղաթելյանի պատասխանները մեր հարցերին:

– ՀՀ քննչական կոմիտեի կողմից ԷԼԱՐԴ/ELARD -ի փորձագիտական խմբի ներկայացրած «ԲՍԱԳ-ի ուսումնասիրություն, Ջրային ռեսուրսների և երկրաբանության, կենսաբազմազանության և օդի որակի վրա ազդեցությունների երրորդ կողմի անկախ գնահատում» փաստաթղթի հրապարակումից հետո Դուք շարունակո՞ւմ եք մնալ այն կարծիքին, որ Ամուլսարի բուն հանքի տարածքում թթվային դրենաժի ռիսկը շարունակում է մնալ անկառավարելի, ինչը մեծ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի, հեռանկարում նաև` Հայաստանի համար:

– Ըստ էության, ոչ մի բան չի փոխվել, ինչ որ ասում էր «Լիդիան Արմենիա» ընկերությունը, մի քիչ այլ ձևակերպումներով տվել է ԷԼԱՐԴ/ELARD ընկերությունը: Այն հիմնական խնդիրը, որը մենք 2016 թվականից միշտ մատնանշել ենք, այսինքն` բուն հանքի տարածքում թթվային դրենաժը, չի արծարծվել, այն թաքցվում է: Թաքցվում է բառախաղերի ետևում, ինչ-որ անկապ հայտարարությունների, որոնք խելքին մոտիկ էլ չեն, ամեն կերպ փախցվում է ուշադրությունը հիմնական խնդրից, որ բուն հանքի տարածքում թթվային դրենաժի ռիսկը լինելու է անկառավարելի:

Այդ պայմաններում, երբ տվյալ ռիսկը մնում է անկառավարելի, հանքի բացումն ու շահագործումն անթույլատրելի՞ եք համարում:

– Իհարկե՛: Եթե մենք հանքն այդ պայմաններում շահագործենք, մի քանի տարի հետո կկորցնենք Կեչուտի ջրամբար ջուր տանելու համար նախատեսված թունելը, այլևս չենք կարողանա Կեչուտից մաքուր ջուր տեղափոխել Սևանա լիճ: Շատ հնարավոր է, որ Ամուլսարից ներքև գտնվող, ցածրադիր գյուղերը զրկվեն խմելու ջրից, աղբյուրները թթվայնանան: Կարելի է թվարկել բազմաթիվ դժբախտություններ, որը կբերի Ամուլսարի հանքի շահագործումը: Պետք է հաշվի առնել նաև հետևյալ հանգամանքը. ամբողջ աշխարհի փորձը ցույց է տալիս, որ այդ թթվային դրենաժի գործընթացը ժամանակի մեջ ուժգնանում է, կսկսվի, ասենք, երկրորդ, երրորդ տարում, իսկ հետո կարող է երկրաչափական պրոգրեսիայով ուժեղանալ:

Արթուր Հովհաննիսյան