Դուք պարտավոր եք կանխել Սահմանադրական դատարանի մոտ վաղվա հնարավոր բախումը և ՍԴ-ի նկատմամբ ճնշումը

Բաց նամակ`

ՀՀ գլխավոր դատախազ պրն Արթուր Դավթյանին

ՀՀ ոստիկանության պետ պրն Վալերի Օսիպյանին

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն պրն Արթուր Վանեցյանին

Ինչպես հայտնի է, վաղը` օգոստոսի 29-ին, ՀՀ Սահմանադրական դատարանը (ՍԴ) գրավոր ընթացակարգով քննելու է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի դիմումը, որով նա բարձր դատարանին խնդրել է ստուգել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի միաժամանակ երկու՝ խափանման միջոց կիրառելու հիմքերի և քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների մասին հոդվածների սահմանադրականությունը։

Հուսով եմ, տեղյակ եք նաև, որ սոցիալական ցանցերում առանձին անձանց կողմից արդեն իսկ հրապարակումներ կան, որոնցով կոչ է արվում վաղն առավոտյան ժամը 9-ից, 9:30-ից հավաքվել ՍԴ-ի մոտ և թույլ չտալ, որ «Մարտի 1-ի ոճրագործ», «թալանչի» (և այլն) Ռոբերտ Քոչարյանի օգտին Սահմանադրական դատարանը հանկարծ ինչ-որ որոշում կայացնի:

Արդարադատության իրականացմանը խոչընդոտելը, այսինքն` արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը, ինչպես հայտնի է, քրեորեն պատժելի արարք է (ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդված):

Միաժամանակ, ինձ հասած տեղեկությունների համաձայն, ՀՀ երկրորդ նախագահի որոշ կողմնակիցներ տեղյակ լինելով վաղը ՍԴ-ի մոտ նախատեսվող հիշյալ հավաքի մասին, այն հակակշռելու նպատակով իրենք նույնպես մտադիր են հավաքվել ՍԴ-ի մոտ:

Խնդրում եմ հաշվի առնելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելու անթույլատրելիությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ քաղաքական հակոտնյա հայացքներ ունեցող և միմյանց դեմ տրամադրված մեծաթիվ քաղաքացիների հավաքվելը նույն վայրում հղի է քաղաքացիների այդ երկու խմբերի միջև բախումների վտանգով և կանխատեսելի հետևանքներով, ձեռնարկել ՀՀ օրենսդրությունից բխող, ձեզանից կախված ու ձեր լիազորությունների շրջանակում գտնվող բոլոր միջոցները` ՀՀ Սահմանադրական դատարանի մոտ վաղվա քննության, ինչպես նաև հետագայում Ռոբերտ Քոչարյանին և «Մարտի 1»-ին առնչվող ՍԴ-ում ցանկացած դիմումի քննության ժամանակ քաղաքացիների հավաք թույլ չտալու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը բացառելու, նշված դատարանին իր բնականոն գործունեությամբ զբաղվելու հնարավորություն տալու, ինչպես նաև քաղաքացիների տարբեր խմբերի միջև բախումներ թույլ չտալու նպատակով:

Հուսով եմ, հասկանալի է նաև, որ անգործության դեպքում հնարավոր հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկնելու է ձեր վրա:

Հարգանքով` քաղաքական վերլուծաբան, հետաքննող լրագրող

Արթուր Հովհաննիսյան