Շուշիում մեկնարկել է «Հայոց այբուբենի սահմանը» խորագրով գրական միջոցառումը և «Սիրո այբուբեն» մանրանկարչական ցուցահանդեսը

«Մշակութային հայապահպանության կենտրոն» հիմնադրամի նախաձեռնությամբ այսօր՝ օգոստոսի 28-ին, Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում մեկնարկել է «Հայոց այբուբենի սահմանը» խորագրով գրական միջոցառումը և «Սիրո այբուբեն» մանրանկարչական ցուցահանդեսը:

«Արցախպրեսի» թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել «Մշակութային հայապահպանության կենտրոն» հիմնադրամի հիմնադիր նախագահ, դաշնակահար, բանաստեղծ Կամիլա Երկանյան- Քեշիշյանը:

Նա իր խոսքում ասել է, որ ծրագրի հիմքում դրված է Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնության անխախտ բանաձևը: Ծրագրի մեկնարկը տրվում է ԱՀ-ից. այն կազմակերպվելու է նաև ՀՀ-ում և Սփյուռքում:

Կ. Երկանյան- Քեշիշյանը մասնավորապես ավելացրել է. «Ճանաչենք այն միասնական հոգևոր տիրույթը, որն ունի հայկական բովանդակություն և ներառում է հայ մարդուն՝ անկախ նրա բնակության վայրից: Մշակութային և հոգևոր գործունեության մեր գլխավոր հերոսը հայ երեխան է, մեր՝ նաև մշակութային նախասկիզբը: Հայ արվեստից և մշակույթից այսօր մենք ընտրել և ներկայացնում ենք հայոց այբուբենին և հայկական միջնադարյան մանրանկարչությանը նվիրված արժեքներ: Ցուցահանդեսին ներկայացվել են թղթի, մագաղաթի և մետաքսի վրա նկարված գոհարներ, որոնք նկարված են մանրանկարիչների կողմից»:

Արարողությանն օրհնության խոսքով հանդես է եկել Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանն ասել է, որ ինքը կարևորում է նման նախաձեռնության իրականացումը, քանի որ այն պահանջված է հատկապես դպրոցներում:

«Դպրոցներում երեխաներին ոչ միայն տառաճանաչ կդարձնենք, այլև նրանց կմատուցենք հայոց այբուբենը, որպես ինքնության պահապաններ՝ նպաստելով նրանց հայեցի դաստիարակմանը: Արցախյան մանրանկարչությունը մեր կարևորագույն մշակութային ժառանգության բաղադրիչներից մեկն է: Գուցե սա էլ հենց այն ճանապարհն է, որը տանելու է արցախյան մանրանկարչության դպրոցի ավանդույթների վերականգնմանը։ Ուրախ եմ նաև, որ առաջին դասարան հաճախող մեր բոլոր երեխաները կստանան այբուբենի մասին նոր գիրքը»,- ավելացրել է նախարարը:

Միջոցառմանը հայկական երգերով հանդես է եկել «Վարանդա» երիտասարդական պետական երգչախումբը:

Տեղեկացնենք, որ «Սիրո այբուբեն» մանրանկարչական ցուցահանդեսը բաց կլինի առաջիկա տաս օրերին: