Պուտինի և Էրդողանի մտերմությունն անհանգստացրել է ամերիկյան մամուլին

Օգոստոսի 27-ին ՌԴ նախագահի հրավերով Մոսկվա մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է «MAKS-2019» միջազգային ավիատիեզերական տոնավաճառ-ցուցահանդեսի բացմանը։ Միջոցառումից առաջ Էրդողանին ընդունել է Պուտինը, իսկ այնուհետև երկու նախագահները միասին ուսումնասիրել են ռուսական SU-57 մարտական ինքնաթիռը։

«Ermenihaber.am»-ի տեղեկացմամբ,  միջոցառման ընթացքում Էրդողանի և Պուտինի անմիջական զրույցն ու ծիծաղը գրավել է միջազգային մամուլի ուշադրությունը։ Մասնավորապես ամերիկյան CNN պարբերականը թեմային անդրադարձել է «ԱՄՆ-ը պետք է վախենա Պուտինի և Էրդողանի մտերմացումից» խորագրի ներքո։

Ամերիկյան լրատվամիջոցը երկու նախագահների մտերմությունը «վտանգավոր» է համարել։ Աղբյուրն արձանագրել է, որ Պուտինն ու Էրդողանը քննարկել են ռազմական նոր պայմանագրի հարցը, իսկ Ռուսաստանի և Թուրքիայի միջև նման պայմանագրի կնքումը ԱՄՆ-ի համար մտահոգիչ կարող է լինել։ CNN-ն ընդգծել է նաև, որ Թուրքիան Ռուսաստանի հետ իր հարաբերությունները խորացնում է  Վաշինգտոնի հետ հարաբերություններում առկա լարվածության պատճառով։

Հիշեցնենք, որ թուրք-ամերիկյան հարաբերություններում լարվածությունը մեծացել է, երբ հակառակ ԱՄՆ-ի բոլոր զգուշացումներին՝ Թուրքիան իրականացրել էր ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնման գործարքը։ Դրանից հետո ԱՄՆ-ը Թուրքիային հեռացրել էր F-35 ռազմական ինքնաթիռների համատեղ նախագծից։