Հայաստանում կատարվել է կարմրուկի և կարմրախտի ազգային լաբորատորիայի հավատարմագրում

Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանային գրասենյակն ամենամյա հավատարմագրման (ակրեդիտացիա) գործընթացի շրջանակներում իրականացրել է Հայաստանում կարմրուկի և կարմրախտի ազգային լաբորատորիայի գնահատում:

ՀՀ ԱՆ լրատվական ծառայության տեղեկացմամբ, գնահատման արդյունքների հիման վրա որոշվել է առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոնի» կազմում գործող կարմրուկի և կարմրախտի ազգային լաբորատորիային շնորհել ամբողջական հավատարմագրում՝ 2020 թվականի համար,  ինչը նշանակում է, որ լաբորատորիան իր աշխատանքի ընթացքում մշտապես ապահովել է կարմրուկի և կարմրախտի նկատմամբ բարձրորակ համաճարակաբանական հսկողություն, հիվանդության կասկածելի դեպքերի նվազագույնը 80%-ի լաբորատոր հետազոտություն և դրական նմուշների հետագա գենոտիպավորում Մոսկվայի տարածաշրջանային վերազգային լաբորատորիայում։

ԱՀԿ-ն առաջարկում է երկրի ներսում կարմրուկի և կարմրախտի կասկածելի դեպքերի նմուշների հետազոտությունների արդյունքները վերահաստատել հենց հավատարմագրված լաբորատորիաներում, որոնք, իրենց հերթին, տարածաշրջանային վերազգային լաբորատոր ցանցի մաս են կազմում։ ԱՀԿ հավատարմագրում ստացած լաբորատորիաներն աջակցում են նաև երկրում գործող այլ լաբորատորիաների՝ կարմրուկի և կարմրախտի հետազոտությունների որակի արտաքին գնահատման համակարգին միանալու գործում, իսկ կարմրուկի և կարմրախտի կասկածելի դեպքերի նմուշների հետազոտությունների արդյունքները վերահաստատում են անվճար հիմունքներով։

Հիշեցնենք, որ ՀՀ-ում 2007 թվականից ի վեր չեն գրանցվում կարմրուկի, կարմրախտի տեղական դեպքեր, ինչը փաստագրվել է Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության Եվրոպական տարածաշրջանի «Կարմրուկի և կարմրախտի էլիմինացումը փաստագրող հանձնաժողովի» ամենամյա նիստի արդյունքում: Սակայն հանրապետությունում պարբերաբար արձանագրվում են բերովի դեպքեր, որոնք կարմրուկի և կարմրախտի դեմ պատվաստումներում բարձր ընդգրկվածության և համաճարակաբանական  հսկողության միջոցառումների իրականացման շնորհիվ տեղական տարածում չեն ստանում: