Հայաստանը և Արցախն ունեն բավարար ուժ խաղաղության ապահովման համար․ Զոհրաբ Մնացականյան

Ադրբեջանի կողմից ռազմաքաղաքական հավասարակշռությունը խախտելու փորձերը, որոնք մինչ օրս արտահայտվել են նաև ուժի կիրառմամբ, տարածաշրջանային անվտանգության և խաղաղության սպառնալիք են: Այս մասին օգոստոսի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարեց ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների ամենամյա համաժողովում:

«Հայաստանը հանդես է գալիս Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման դիրքերից, սակայն չի կարող ընդունել Ադրբեջանի կողմից բացահայտ կամ քողարկված ուժի կիրառման սպառնալիքները և հրադադարի ռեժիմը պայմանական դարձնելու որևէ նկրտում: Լարվածության պայմաններում բանակցություններ վարելու Ադրբեջանի ջանքերը խոչընդոտում են խաղաղության նպաստող միջավայրի ձևավորմանը և ըստ այդմ չեն նպաստում հիմնախնդրի տևական և համապարփակ կարգավորմանը:

Ադրբեջանն իր անփոփոխ հայատյաց քաղաքականությամբ շարունակում է մնալ Արցախի ժողովրդի գոյության սպառնալիք։

Խաղաղությունն այլընտրանք չունի և Հայաստանի Հանրապետությունը և Արցախն ունեն բավարար ուժ խաղաղության ապահովման համար։

Մենք բարձր ենք գնահատում միջազգայնորեն ընդունված միակ միջնորդական առաքելության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և համանախագահ երկրների դերակատարումը արցախյան հիմնահարցի կարգավորման և տարածաշրջանային խաղաղության պահպանման գործում։

Հայաստանը հստակ արտահայտել է իր մոտեցումները Ղարաբաղյան խաղաղ կարգավորման առնչությամբ և այս տեսակետից կցանկանայի առանձնահատուկ ընդգծել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտում մարտի 12-ին Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում և օգոստոսի 5-ին Վերածննդի հրապարակում անցկացված հանրահավաքին հնչեցրած դրույթները:

Ղարաբաղյան խաղաղ գործընթացում կարգավիճակի և անվտանգության խնդիրները մեզ համար ունեն առաջնային նշանակություն: Հայաստանը չի կարող գնալ կարգավորման որևէ տարբերակի, որը կարող է վտանգել Արցախի ժողովրդի անվտանգությունը և սահմանափակել ինքնորոշման իրավունքի իրականացման շրջանակը:

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և բոլոր պայմաններում կիրառելի մարդու անօտարելի իրավունքները ենթադրում են նաև ազատ կամարտահայտում, որը ներառում է նաև Արցախում ազատ ընտրությունների իրականացումը և այդ ընտրությունների արդյունքում ձևավորված իշխանության ներկայացուցիչների գործուն ներգրավումը բանակցային գործընթացում:

Եթե Ադրբեջանն անկեղծորեն շահագրգռված է հակամարտության խաղաղ կարգավորմամբ, ապա պետք է նույնչափ շահագրգիռ լինի Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների հետ բանակցելու մեջ»,- ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: