Իդլիբում ռուս-թուրքական լարվածությունից հետո Էրդողանը կմեկնի Ռուսաստան

Օգոստոսի 27-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնելու է Ռուսաստան, որտեղ հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Ermenihaber.am»-ի տեղեկացմամբ, երկու երկրների ղեկավարների հանդիպման օրակարգային թեման լինելու է Սիրիայի Իդլիբ նահանգում տիրող իրավիճակը։

Վերջին 10 օրերին Սիրիայի կառավարական ուժերն Իդլիբում ահաբեկիչների դեմ պայքարում Ռուսաստանի աջակցությամբ հաջողություններ են գրանցել՝ իրենց վերահսկողության տակ առնելով մի քանի շրջաններ։

Այս ամենը մեծապես անհանգստացրել է Թուրքիային, մանավանդ որ օրեր առաջ Սիրիայի կառավարական ուժերը հրթիռակոծել էին Մաարեթ Էլ Նուման-Հան Շեյհուն ավտոճանապարհը, ինչի հետևանքով Թուրքիայի զինուժը չի կարողացել լրացուցիչ ուժեր տեղափոխել Հան Շեյհուն շրջանում տեղակայված թուրքական 9-րդ և 10-րդ դիտակատեր:

Թուրքիայի նախագահն Իդլիբում տեղի ունեցող իրադարձությունների թեմայով ավելի վաղ հեռախոսազրույց էր ունեցել Պուտինի հետ և հայտնել, որ կառավարական ուժերի գործողությունները լուրջ վտանգ են ներկայացնում Թուրքիայի ազգային անվտանգությանը։

Թուրքական աղբյուրը նշում է, որ Էրդողանը Պուտինի հետ կմասնակցի Մոսկվայում կայանալիք ռազմական ինքնաթիռների տոնավաճառ-ցուցահանդեսին։

Նշենք, որ ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Լավրովը հայտարարել էր, որ պաշտոնական Մոսկվան վաղուց էր Անկարային զգուշացրել Սիրիայի Իդլիբ նահանգը ռմբակոծելու մասին, նշելով, որ թուրք զինվորների ներկայությունն Իդլիբում այդպես էլ չօգնեց ահաբեկիչների հարձակումների կանխմանը։

Ինչին հետևել էր թուրքական տիրույթի ազգայնական հատվածի լայն արձագանքը։ Թուրք ազգայնական օգտատերերը, ցավագին ընդունելով Լավրովի հայտարարությունը, ինչպես նաև Ռուսաստանի հրթիռակոծություններն Իդլիբում, կոշտ մեկնաբանություններով էին հանդես եկել: Նրանք մասնավորապես գրել էին․

«Այ քեզ բան, սա էլ Ռուսաստանն է։ Սրանից հետո ռուսները մեզ բարեկա՞մ են, թե թշնամի։ Մենք պետք է զգույշ լինենք»:

«Ստոր անհավատներ, հիմա դուք հարձակվում եք երեխաների ու կանա՞նց վրա, թե ձեր կողմից ահաբեկչական համարվող կազմակերպությունների վրա»։

«Անողոք Ռուսաստանը վաղուց է Իդլիբի վրա հարձակվում»:

«Ռուսներին հավատալ պետք չէ»: