Արճիսում խմելու ջրի խնդրին ժամանակավոր լուծում է տրվել

Միջպետական ճանապարհը բաց է

Խմելու ջրի խնդրի պատճառով միջպետական ճանապարհը փակած ՀՀ Տավուշի մարզի Արճիս գյուղի բնակիչներին այցելել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախաձեռնության անդամ Գարիկ Միսկարյանը:

«Մարզպետը տեղեկացրեց, որ գյուղի ջրամատակարարման խնդիրը կառավարության ուշադրության կենտրոնում է, մոտ 100 միլիոն դրամ արժողությամբ ծրագիրը քննարկումների փուլում է»,- գրառման մեջ նշել է նախաձեռնության անդամը և հավելել, որ գյուղացիների երկրորդ պահանջը՝ ապահովել ժամանակավոր լուծում, նույնպես բավարարվել է:

Նրա խոսքով՝ մարզպետն ասել է, որ արդեն կա պայմանավորվածություն «Վեոլիա ջուր» ընկերության հետ, և մինչև հիմնական նախագծի հաստատումը գյուղը կապահովվի խմելու ջրի նվազագույն քանակով։

«Աշխատանքները մեկնարկելու են հենց այսօրվանից, իսկ ճանապարհն արդեն բացվել է»,- գրել է օգտատերը։