Էս կենդանին նորից ակտիվացել է․ Նաիրա Զոհրաբյանը Մարգար Եսայանի մասին

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր,  իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ներկայացուցիչ Մարգար Եսայանի հոդվածին, գրել է․ «Ժամանակին, երբ Ստրասբուրգում «սատկացրեցի» ազգությամբ հայ, Էրդողանի կուսակցության նվիրյալ մանկուրտ Մարգար Եսայանին, ով կողմ էր քվեարկել Բոբ Վոլթերի հակահայ խայտառակ զեկույցին, Եվրոպայի խորհուրդը իմ հանդեպ սանկցիաներ կիրառեց և իմ հարցը քննարկեց ԵԽԽՎ բյուրոյում։

Հիշեցնեմ, այս «կենդանին» 1915 թվականին հայ մտավորականների ցուցակը կազմած և երիտթուրքերին հանձնած Վահե Իհսանի ժառանգն է: Այս «կենդանին» վերջերս էլ բողոքի մի նամակ էր հղել Իտալիայի պատգամավորական պալատ, և մեղադրել իտալացի պատգամավորներին` Հայոց Ցեղասպանությունը դատապարտելու համար:

Ու հիմա այս աղբը Թուրքիայում կատաղի արշավ է սկսել Գարո Փայլանի դեմ` կոչ անելով Թուրքիայի իրավապահներին`զբաղվել Փայլանով:

Երբ Ստրասբուրգում Մարգար Եսայանը իրեն պահեց ամենակեղտոտ երիտթուրքի պես, ես եմ հորդորել Թուրքիայի հայ համայնքին` հաշվեհարդար չտեսնել այդ «կենդանու» հետ:

Անկեղծորեն խոստովանում եմ`սխալվել եմ»,- գրել է Ն․ Զոհրաբյանը:

Նշենք, որ «Ermenihaber.am»-ի տեղեկացմամբ, Մարգար Եսայանն անդրադառնալով ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանի և նույն կուսակցության պատգամավոր Էբրու Գյունալի՝ Լատինական Ամերիկա կատարած այցին, գրել է․ «Երկու ԺԴԿ-ական պատգամավոր շրջագայության են դուրս եկել Հարավային Ամերիկայում։ Միջազգային ուժերից խնդրել են միջամտել Թուրքիայի գործերին։

Երկիր առ երկիր, խորհրդարան առ խորհրդարան շրջելու և միջազգային ուժերից Թուրքիայի գործերին միջամտություն խնդրելու նրանց այս վարքագիծը ինձ ժամանակի մեքենայով տեղափոխեց նախորդ դարասկիզբ։ «Քրդստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK) և ԺԴԿ-ը դաշնակցականներից ու հնչակյաններից ավելին են, բայց պակաս չեն»,- գրել է ԱԶԿ-ական պատգամավորը՝ նշված ուժերի գործունեությունը որակելով որպես «քաղաքական մուրացկանություն»։

ԺԴԿ հայ պատգամավոր Կարո Փայլանը թվիթերյան իր միկրոբլոգում բավական  խիստ գրառմամբ անդրադարձել է վերոհիշյալ հոդվածին:

«Լատինական Ամերիկայում մեր բոլոր հանդիպումների ժամանակ մենք միայն կոչ ենք արել աջակցել Թուրքիայի ժողովրդավարական ուժերին։ Սա ակնհայտ զրպարտություն է։ Եթե ասվածները չապացուցես, ուրեմն զրպարտիչ ես, Մարգար։

1915թ. ապրիլի 24-ին ձերբակալման ենթակա հայերի ցուցակները կազմելիս Թալեաթ փաշային աջակցող հայեր էլ կային։ Ցավոք այսօր ևս կան»: