ԱՄՆ վարչակազմը որոշեց վերականգնել 2019թ․ արտաքին օգնության ծրագրերի ֆինանսավորումը

ԱՄՆ վարչակազմը որոշեց վերականգնել ֆինանսավորումը 2019թ. արտաքին օգնության ծրագրերի վերաբերյալ, ներառյալ ընթացիկ տարվա Հայաստանի համար նախատեսված ամերիկյան օժանդակությունը։ Այս մասին գրել է «Ամերիիայի ձայնը»։

Թրամփի վարչակազմը հետ կանգնեց արտաքին օգնության ֆինանսավորման կրճատման գաղափարից: Ինչը ենթադրում է արտաքին օժանդակության սառեցված 4 միլիարդ դոլարի վերականգնում:

Դրա արդյունքում կֆինանսավորվեն 2019թ․ համար հաստատված արտաքին օգնության ծրագրերը, ներառյալ ընթացիկ տարվա Հայաստանի համար նախատեսված ամերիկյան օգնությունը:

Ինչ վերաբերում է 2020թ․ամերիկյան օգնության հատկացումներին, ներառյալ Հայաստանին ու հայկական ծրագրերին, ապա այս ուղղությամբ քննարկումները կշարունակվեն ԱՄՆ Սենատում սեպտեմբեր ամսին, երբ ԱՄՆ Կոնգրեսը վերադառնա արձակուրդից: Դա վերաբերում է նաև Հայաստանին հավելյալ 40 միլիոն դոլարի հատկացման օրինագծի փոփոխությանն ու Լեռնային Ղարաբաղի ականազերծման ծրագրին:

Հիշեցնենք, որ նախագահ Թրամփի վարչակազմը ձգտում էր դադարեցնել արտաքին օգնության ծրագրերի ֆինանսավորումը՝ դրանք որակելով ոչ անհրաժեշտ և անիմաստ և սառեցրել էր 4 միլիարդ դոլարի տրամադրումը, որն արդեն հաստատված էր Կոնգրեսի կողմից: