Հաստատվեց սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան ձեռք բերելու պետական աջակցության ծրագիրը

Այսօր կառավարության հերթական նիստին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրեց «Սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու» պետական աջակցության նպատակային ծրագիրը հաստատելու և պաշտպանության նախարարության համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման կարգը և պայմանները սահմանելու մասին որոշման նախագծերը:

Նախարարն ասաց, որ որոշման նախագծի ընդունման արդյունքում առաջացող ծախսերը ֆինանսավորվելու են ՀՀ պետական բյուջեի միջոցների սահմաններում, որը տարեկան միջինը կկազմի 1 մլրդ 300 մլն դրամ (կանխավճարի 10%-ի և սուբսիդավորման 3%-ի հանրագումարի հաշվարկմամբ):

Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:  Այսպիսով` ըստ նախագծի՝ Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր տարի կարող են ծրագրի շահառու դառնալ և պետական աջակցություն ստանալ ծրագրին մասնակցելու հավակնություն ունեցող, Պաշտպանության նախարարության 500 զինծառայող:

Ծրագրի շրջանակում զինծառայողին (համավարկառուին) բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ տրամադրվում է մեկ անգամ: Ամուսիններ հանդիսացող զինծառայողներին ծրագրի շրջանակներում հիփոթեքային վարկ տրամադրվում է միայն ամուսիններից մեկին:

Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր վարկառուի մասով ձեռք բերվող բնակարանի կամ բնակելի տան կամ կառուցվող բնակելի տան արժեքի առավելագույն չափ է ընդունվում 28 500 000 դրամը, ընդ որում, բնակելի տան արժեքը սահմանվում է որպես գնահատված և ձեռքբերման արժեքներից նվազագույնը: Սահմանված առավելագույն չափից ավելի լինելու դեպքում պետության կողմից աջակցությունը ցուցաբերվում է միայն սահմանված առավելագույն արժեքի սահմաններում, ընդ որում` բնակելի տուն կառուցելու նպատակով սույն ծրագիրը գործում է զինծառայողի անվամբ սեփականության (համատեղ կամ բաժնային սեփականության) իրավունքով գրանցված տնամերձ կամ բնակելի կառուցապատման հողամասում բնակելի տուն կառուցելու շինարարական թույլտվության առկայության դեպքում:

Նախագծի համաձայն՝ անմիջապես կառուցապատողից բազմաբնակարան բնակելի շենքում կառուցված կամ կառուցվող բնակարան կամ կառուցվող բնակելի տուն ձեռք բերելու դեպքում կանխավճարը կազմում է 10% և ֆինանսավորվում է պետության կողմից, իսկ վարկերը տրամադրվում են ձեռք բերվող (կառուցվող) բնակարանի կամ անհատական բնակելի տան արժեքի մինչև 90%-ի չափով,

բ) երկրորդային շուկայից (ոչ անմիջապես կառուցապատողից) բազմաբնակարան բնակելի շենքում բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու դեպքում կանխավճարը կազմում է ձեռքբերվող բնակարանի (բնակելի տան) արժեքի 30%-ը՝ բացառությամբ սույն կետի «գ» ենթակետում նշված դեպքերի, ընդ որում՝ բոլոր դեպքերում պետության կողմից ֆինանսավորվում է բնակարանի (բնակելի տան) արժեքի 10%-ը:

Հիմնավորման մեջ նշված է, որ մինչև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելը, նախկին «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքը նախատեսում էր բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողներին սեփականության իրավունքով անհատույց բնակարանների կամ անհատույց պետական ֆինանսական աջակցության կամ տնամերձ հողամասի տրամադրում, օրենքի պահանջների համաձայն հաշվառման մեջ են գտնվում շուրջ 4 000 գործող և նախկին զինծառայողներ, պետության տնտեսական հնարավորությունները թույլ էին տալիս լավագույն դեպքում տարվա ընթացքում իրականացնել մինչև 100 բնակարանների կառուցման և տրամադրման գործընթաց, որի արդյունքում շահառուների թիվը տարեցտարի աճում է: Նշված համակարգն իրեն սպառել է, որի արդյունքում գործընթացը դարձել է տնտեսապես ոչ շահավետ:

Ոլորտում իրականացվող քաղաքականությունն ուղղված է իրավական, ֆինանսական և կազմակերպչական համապատասխան մեխանիզմների ներդրման միջոցով աջակցել ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառա֊յողների բնակարանային ապահովման խնդրի լուծմանը`ապահովելով բնակարանային պայմանների բարելավման համար անհրաժեշտ ֆինանսավորման մատչելի պայմաններ:

Անդրադառնալով հնարավոր ռիսկերին՝ Դավիթ Տոնոյանն ասաց, որ ընտրվել է լավագույն տարբերակը: «Մենք չենք խրախուսում զորացրվելը, հակառակը՝ շահագրգռում են մնալը, սակայն եթե զորացրվում են հաշմանդամություն ունենալու կամ ավելի վատ դեպքերում՝ հնարավորինս աջակցություն ստանում են»,-ասաց նա:

Ի դեպ, ոստիկանապետ Վալերի Օսիպյանը նշեց, որ ոստիկանությունն էլ նման ծրագրի անհրաժեշտություն ունի, իսկ վարչապետը կոչ արեց աշխատել Կենտրոնական բանկի հետ:

Այսպիսով`վարչապետի կողմից արձանագրվեց, որ ծրագիրը լավն է, և այն կառավարությունը ընդունեց: