«Ռուս լրտեսի պատմությունը». բրիտանական հեռուստաալիքը Պուտինի մասին վավերագրական ֆիլմ է նկարահանում

Բրիտանական Channel 4 հեռուստաալիքը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին A Russian Spy Story վերնագրով երեք մասից բաղկացած վավերագրական ֆիլմ է նկարահանում: Այս մասին տեղեկացրել է Թերթ.am-ը՝ հղում անելով հեռուստաալիքի պաշտոնական էջին:

«Հասկանալու համար, թե ինչ է հիմա կատարվում աշխարհում, պետք է հասկանալ Վլադիմիր Պուտինին: Պուտինը ցույց է տվել, որ ունակ է մնալ 21-րդ դարի ամենանշանակալի քաղաքական գործիչներից մեկը: Այս սերիալը կպատմի այն մասին, թե ինչպես, նախկինում լինելով լրտես, նա վերափոխեց քաղաքականություն հասկացությունը, և թե ինչ ազդեցություն է դա ունեցել ամբողջ աշխարհի վրա»,- պատմել է ֆիլմի գործադիր պրոդյուսեր Ջեյմս Ռոգանը:

Հաղորդվում է, որ ֆիլմի նկարահանումները տեղի կունենան ինչպես ամբողջ Ռուսաստանի տարածքում, այնպես էլ Ամերիկայում, Եվրոպայում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում:

Ֆիլմի հեղինակները ծրագրում են օգտագործել նախագահի մասին արխիվային նյութեր և ներառել Պուտինի մտերիմների «հարցազրույցները, որոնք սեփական մաշկի վրա են զգացել վերջինիս գործողությունների հետևանքները»։

Նրանց խոսքով՝ ֆիլմը կպատմի, թե ինչպես է Պուտինի անձնական փորձն ազդել նրա քաղաքականության վրա, ինչպես է ժամանակակից Ռուսաստանը ստեղծվել «դավաճանության, հպարտության և չարության հիման վրա», և թե ինչպես են Պուտինի արժեքները տարածվել աշխարհով մեկ՝ «Ղրիմից մինչև Սոլսբերի և Վաշինգտոն»: