ՊՆ-ին 2,1 մլրդ դրամ կհատկացվի՝ մարտական ծառայության պայմանները բարելավելու նպատակով

Կառավարությունն այսօր որոշում ընդունեց փոփոխություններ կատարել պետբյուջեում՝ ավելացնելով եկամուտները և ծախսերը 2 մլրդ 161 միլիոն 796 հազար դրամով և այդ գումարը տրամադրել ՀՀ պաշտպանության նախարարությանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, որ այդ 2,1 մլրդ դրամը ՊՆ-ին տրամադրվում է մարտական ծառայության պայմանները բարելավելու նպատակով:

Հարցի երկու դրույթը նախատեսված էր քննարկել գաղտնի ռեժիմով, սակայն պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը միջնորդեց հարցը ամբողջությամբ քննարկել գաղտնի ռեժիմով և այդ առաջարկն ընդունվեց:

Ըստ նախագծի՝ մատակարար կազմակերպությունների հետ բանակցությունների արդյունքում 2019թ. ստացման ենթակա ապրանքների դիմաց չբավարարող մասով վերաբաշխումների իրականացում կա, և կարգավորման նպատակն է մատակարարման ենթակա ապրանքների դիմաց ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պարտավորությունների ստանձնման և պայմանագրերի կնքման հնարավորությունների ապահովումը:

Ըստ հիմնավորման, որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է 2019թ․ մատակարարման ենթակա ապրանքների մատակարարման դիմաց պարտավորությունների կատարմամբ ՀՀ զինված ուժերին անհրաժեշտ միջոցներով ապահովումով: