Միջուկային ռումբի պես կործանարար, այն էլ՝ փոքրիկ Հայաստանում, Ջերմուկի մոտ (տեսանյութ)

Իսկ Փաշինյանն ակնհայտորեն Աստված չէ

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս իր ֆեյսբուքյան ելույթում ասաց, որ ELARD ընկերության նշած միջոցառումների կատարման դեպքում Ամուլսարից նույնիսկ մեկ լիտր թունավոր, վտանգավոր ջուր չի թափանցի ստորգետնյա ջրավազան, չի հասնի թունել, գետեր, Սևանա լիճ։

«Այդ խոստումը ոչ ոք չի կարող կատարել, որովհետև այնտեղ այնքան ջրի ուղիներ կան ստորգետնյա»,- Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման խնդրի առնչությամբ LIVEnews.am կայքի տաղավարում ասաց իրավաբան- էկոլոգ, «Հայաստանի անտառներ» ՀԿ տնօրեն, փաստաբան Նազելի Վարդանյանը։

Այդպիսի բան միայն Քրիստոսը կարող է խոստանալ, իսկ Փաշինյանն ակնհայտորեն Աստված չէ։

Ամուլսարի հանքավայրում հանք բացելն ու շահագործելը նշանակում է, որ Հայաստանը չի ունենա հեռանկար, ավելին՝ շատ մոտ ապագայում կկանգնի լրջագույն էկոլոգիական, առողջապահական խնդիրների, աղետի առջև, կզրկվի թունելից, որով ջուրը պետք է հասնի Սևանա լիճ, Սևանա լիճը կվտանգվի, և նույնիսկ Սևանա լճի ջրով ոռոգվող Արարատյան դաշտի հողատարածքները կարող են այլևս անպիտան դառնալ, ինչը նշանակում է, որ անպիտան, սննդում օգտագործելու գհամար վտանգավոր կարող են դառնալ այն պտուղ-բանջարեղենները, որոնք ստացվում են Արարատյան դաշտից։

ՀՀ քննչական կոմիտեի կայքում հրապարակված ELARD ընկերության փաստաթուղթը փորձագիտական եզրակացություն չէ և ինչպես քրեական գործի հանգուցալուծման, այնպես էլ Ամուլսարի շահագործումը թույլատրել- չթույլատրելու հարցում իրավական տեսանկյունից որևէ արժեք չունի։

«Ես արդեն բազմիցս ասել եմ, որ ELARD-ի ներկայացրած փաստաթուղթն իրավական որևէ ուժ չունի և իրավական հետևանքներ չի կարող առաջացնել ոչ քրեական գործով, և ոչ էլ կարող է լինել հիմք՝ կառավարության կողմից որոշում ընդունելու»,- ասաց փաստաբանը։

Անդրադառնալով ներկայիս կառավարման համակարգին, LIVEnews.am-ի հյուրն ասաց՝ հին կադրերով, անտարբեր, կոռումպացված․․․

«Ու տեսնում ենք ինչ պատկեր է, հիմա տեսնում ենք այ այդ պատասխաններից,- իր խոսքը շարունակելով, ասաց Նազելի Վարդանյանը,- Ես հիմա իմ ժամանակը նորից տրամադրելու եմ այս ամեն ինչին, նստելու եմ մեկ առ մեկ պարոն Փաշինյանի հարցը և բոլոր ներկաների պատասխանները գնահատեմ և ներկայացնեմ, թե որտեղ ինչ ապատեղեկատվություն է։ Եվ պահանջելու եմ, որ յուրաքանչյուրը պատասխանատվության ենթարկվի։ Քննչական կոմիտեի նախագահն այնպիսի ապատեղեկատվություն է տարածում կառավարության նիստին և բնակչությանը, որ դա անթույլատրելի է, իրենք գերազանցել են իրենց պաշտոնեական լիազորությունները, և պաշտոնեական կեղծիք է դա։

Իսկ վարչապետն ապատեղեկատվություն չտարածե՞ց, երբ խոսեց Միացյալ Նահանգների քաղաքներից մեկի ու դրա մոտ գտնվող հանքի մասին, այդ քաղաքն իբրև օրինակ բերեց․․․ Իրավաբան- էկոլոգը պատասխանեց մեր նաև այս հարցին։

Ինչպես նշեց Նազելի Վարդանյանը, Ամուլսարը հասնում է ավելի քան 3000 մետր բարձրության, այդ իսկ պատճառով բնական ճառագայթումը՝ ուլտրամանուշակագույն ճառագայթման տեսքով, այնտեղ առանց այն էլ բարձր է, ինչը մարդկանց առողջությանն արդեն իսկ վնաս է պատճառում։ Հայտնի է, որ Ամուլսարի ընդերքում ուրանի բավական մեծ պարունակություն կա, «Լիդիան Արմենիա» ընկերությունն այնտեղ մակաբացում կատարելով, ավելացրել է նաև ոչ բնական (ֆոնային) ճառագայթումը, այսինքն՝ հիշյալ հանքավայրի ընդերքում պարունակվող ռադիոակտիվ նյութերի ճառագայթումը։

Մանրամասները՝ տեսանյութում