Կարո Փայլանը և Էբրյու Գյունայը քննարկել են Թուրքիայում տիրող ներքաղաքական դրությունը

Արգենտինայում գտնվող Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) պատգամավորներ Կարո Փայլանը և Էբրյու Գյունայը մամուլի ասուլիս են տվել, որտեղ անդրադարձել են Թուրքիայում տիրող ներքաղաքական դրությանը։ Այս մասին տեղեկացրել է «Ermenihaber.am»-ը։

«110 տարի առաջ  կար սուլթան, որն ամեն տեսակ հանցանք էր գործում։  Հայերը հավատում էին, որ, երբ ընդդիմությունը իշխանության գա, որոշ բաներ կփոխվեն,- ասել է Փայլանը։- Բայց երբ ընդդիմությունը իշխանության եկավ, սուլթանից ավելի դաժան վարվեց՝ իրականացնելով Հայոց ցեղասպանությունը։ Ես քուրդ ընկերներիս զգուշացնում եմ։ Էրդողանից ազատվելը դեռ չի երաշխավորում, որ Թուրքիայում լինելու է դեմոկրատական համակարգ»։

Պոլսահայ պատգամավորն  ակնկալել է միջազգային հանրության  օգնությունը՝ Թուրքիայում գործող համակարգի գործունեությունը դադարեցնելու համար։

Էբրու Գյունայը նույնպես դատապարտելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականությունը, նշել է.

«Նրանք, ովքեր Էրդողանի դեմ են դուրս գալիս, ի վերջո կարող են բանտում հայտնվել, խոշտանգվել կամ սպանվել։ Կարևոր չէ, թե քանի տարեկան են կամ թե որ էթնիկ խմբին են պատկանում»։

Անդրադառնալով Սիրիայի քրդերի հարցին՝ պատգամավորը նշել է, որ նրանք որևէ վտանգ չեն ներկայացնում Թուրքիայի համար։ Էրդողանը Սիրիայի քրդերի հարցը լոկ գործիք է դարձրել իրենց ճնշելու համար։ Գյունայի կարծիքով՝ այժմ Էրդողանը փորձում է գերտերությունների օգնությամբ իր դիրքերը ամրապնդել տարածաշրջանում։