Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ծննդյան տարեդարձն է

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը (ավազանի անունով`Կտրիճ) ծնվել է 1951թ., Էջմիածնի շրջանի Ոսկեհատ գյուղում: Նախնական կրթությունն ստացել է հայրենի գյուղում: 1965թ. ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան: 1970թ. դեկտեմբերի 25-ին`Սուրբ Ստեփանոս Նախասարկավագի տոնի օրը, ձեռնադրվել է սարկավագ:

1971թ. գերազանց առաջադիմությամբ ավարտել է Գևորգյան հոգևոր ճեմարանը և նշանակվել տեսչի օգնական`միաժամանակ դասավանդելով «Նոր Կտակարան» առարկան: 1972թ. Գերաշնորհ Տ. Տիրան արքեպիսկոպոս Ներսոյանի ձեռամբ, ձեռնադրվել է կուսակրոն քահանա` վերանվանվելով Գարեգին աբեղա:

Նույն թվականին երջանկահիշատակ Վազգեն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ մեկնել է Վիեննա` ուսումը շարունակելու Վիեննայի համալսարանի աստվածաբանական ֆակուլտետում: 1975թ. նշանակվել է Գերմանիայի հայ համայնքի հոգևոր հովիվ, միաժամանակ շարունակել է աստվածաբանական ուսումը Բոննի համալսարանում:

1979թ. վերադարձել է Մայր Աթոռ և Վազգեն Ա. Կաթողիկոսի տնօրինությամբ մեկնել Զագորսկ`ուսումնառությունը շարունակելու Ռուս Ուղղափառ Եկեղեցու հոգևոր ակադեմիայի ասպիրանտուրայում: 1980թ. նշանակվել է Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդի օգնական, 1983թ. ապրիլին` Առաջնորդական փոխանորդ:

Նույն տարվա հոկտեմբեր ամսին ձեռնադրվել է եպիսկոպոս, իսկ 1992թ. ստացել արքության պատիվ և տիտղոս: 1989թ. Արարատյան Հայրապետական Թեմի հովանու ներքո Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը հիմնել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցը:

1992թ. նրա ջանքերով մայրաքաղաքում գտնվող նախկին պիոներ-պալատներից երեքը վերակազմավորվել են իբրև Հայորդյաց տներ, որտեղ հազարավոր երեխաներ ստանում են հոգևոր ու գեղագիտական կրթություն: 1990թ. Արարատյան Հայրապետական Թեմում հիմնել է Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը, որը համակարգում է Եկեղեցու կողմից թեմի տարածքում իրականացվող քրիստոնեական դաստիարակությունը` թվով 56 հանրակրթական դպրոցներում:

1990թ. Նորին Սրբությունը Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ է: 1995թ. կաթողիկոսական ընտրության ժամանակ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը հավանական թեկնածուներից մեկն էր: Ընտրության երրորդ փուլում նա հանեց իր թեկնածությունը` հօգուտ Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Բ Կաթողիկոսի:

1998թ. Գարեգին Ա. Կաթողիկոսի կողմից նշանակվել է Կաթողիկոսական Ընդհանուր փոխանորդ: 1999թ. հոկտեմբերի 27-ին Ազգային-եկեղեցական սրբագումար ժողովում Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանն ընտրվել է Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս, իսկ նոյեմբերի 4-ին ստացել է Կաթողիկոսական ձեռնադրություն և օծում:

Գարեգին Բ. Հայրապետը պարգևատրվել է Հորդանանի բարձրագույն Ա. կարգի շքանշանով (2000թ.), «Բեթղեհեմ-2000», Ռումինիայի ազգային բարձրագույն պարգև, «Ռումինիայի աստղ» շքանշանով (2000թ.), Ուկրաինայի Հանրապետության «Իշխան Յարոսլավ Իմաստուն» 5-րդ աստիճանի շքանշանով (2001թ.), Ֆրանսիայի Պատվո լեգեոնի կոմանդորի (2001թ.), Ռուս Ուղղափառ Եկեղեցու Սուրբ Անդրեաս առաքյալի բարձրագույն շքանշանով (2004թ.), Ռուսաստանի Դաշնության «Բարեկամության շքանշանով» (2006թ.), Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Գրիգոր Լուսավորիչ» բարձրագույն շքանշանով (2007թ.), Հայաստանի Հանրապետության «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով (2009թ.):

2009թ. պարգևատրվել է «Ուղղափառ ժողովուրդների միասնության ամրապնդման գործում հատկանշական գործունեության, հասարակության կյանքում քրիստոնեական արժեքների հաստատման և ամրապնդման համար» Ալեքսի Բ. Պատրիարքի անվան մրցանակով: 2001թ. Նորին Սրբությանը շնորհվել է Արցախի պետական համալսարանի, իսկ 2004 թ. Երևանի Պետական Համալսարանի պատվավոր դոկտորի կոչում:

Միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիայի և ՄԱԿ-ի տնտեսական ու սոցիալական խորհրդի կողմից Վեհափառ Հայրապետն առաջադրվել է վերոհիշյալ ակադեմիայի անդամ, իսկ 2001թ. ակադեմիայի տնօրինության կողմից Նորին Սրբությանը շնորհվել է փիլիսոփայության դոկտորի կոչում: 2003թ. Ամենայն Հայոց Հայրապետին շնորհվել է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի պատվավոր անդամի կոչում: 2008թ. Նորին Սրբությանը շնորհվել է Սալեզիանի Պապական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում:

Նորին Սրբությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հոգաբարձուների խորհրդի պատվո անդամ, ինչպես նաև «Մատենադարանի բարեկամներ» բարեգործական հիմնադրամի նախագահն է: