Արցախի ԱԳՆ ղեկավարը դեսպան Անջեյ Կասպշիկի հետ քննարկել է հայ ռազմագերու հարցը

Օգոստոսի 20-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:

ԱՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության տեղեկացմամբ, հանդիպման ընթացքում Արցախի ԱԳՆ ղեկավարը քննարկել է Ադրբեջանում գտնվող ռազմագերի Արայիկ Ղազարյանի հարցը և նրա հայրենիք վերադարձի հնարավորությունները՝ ընդգծելով միջազգային մարդասիրական իրավունքին հետևելու հակամարտության կողմերի ստանձնած պարտավորությունների անհրաժեշտությունը:

Կողմերը մտքեր են փոխանակել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվող դիտարկումների վերաբերյալ: